HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել այն մասին, որ  արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ 

«ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:

Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։

Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter