HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ արձանագրվել է 3 անձի ազատության իրավունքի խախտումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2026թ․ ապրիլի 16-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ Արձանագրվել է Դավիթ Սելիմյանի, Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի ազատության իրավունքի խախտումը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 6750 եվրո փոխհատուցել՝ յուրաքանչյուրին 2000 եվրո ոչ նյութական վնասի, 250 եվրո՝ դատական ծախսերի համար։

Դիմողներն առանձին գանգատներ են ներկայացրել, սակայն, ՄԻԵԴ-ը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է դրանք և կայացրել մեկ որոշում՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Գործը վերաբերում է 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Այդ օրը Դ․ Սելիմյանին և բողոքի ակցիայի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխել են ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահել մոտ 10 ժամ։

2015թ․ մայիսի 8-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով ավելացնելու համար։ Հանձնաժողովը հունիսի 17-ին թույլատրել է սակագինը բարձրացնել 6,93 դրամով, որն ուժի մեջ էր մտնելու 2015թ․ օգոստոսի 1-ից։ Հունիսի 19-ից Երևանի Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնությամբ կազմակերպվել են բողոքի ցույցեր՝ «Ո՛չ թալանին» կարգախոսով: Ցուցարարները 72 ժամ էին տվել իշխանություններին՝ սակագնի որոշումը կասեցնելու համար։

Ցուցարարները մոտ 10 ժամ ճանապարհը փակ են պահել։ Ոմանք նույնիսկ գիշերել են ճանապարհին։ 2015թ․ հունիսի 23-ին՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ազատել ճանապարհը, ինչին ցուցարարները չեն ենթարկվել։ Ջրցան մեքենաներով փորձել են ցույցը ցրել, բայց ցուցարարներն ընդդիմացել են: Ոստիկանները, որոնց թվում եղել են նաև քաղաքացիական հագուստով ծառայողներ, բռնի կերպով փորձել են ազատել ճանապարհը, ձերբակալել են ցուցարարներին։ Ցուցարարներից մի քանիսը փախուստի են դիմել և հավաքվել Ազատության հրապարակում, սակայն նրանք նույնպես ձերբակալվել են։

Ցույցի ավելի քան 200 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ՝ խուլիգանության կասկածանքով: Ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել որևէ քրեական հանցագործություն կատարելու համար, և բոլորն ազատ են արձակվել նույն օրը երեկոյան:

Քննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ ոստիկաններ և տվել նույնաբովանդակ ցուցմունքներ՝ պնդելով, որ իրենք ցուցարարներին ոստիկանության բաժանմունքում 3 ժամից ավելի պահելու մտադրություն չեն ունեցել: Բայց, քանի որ նրանք ծանրաբեռնված են եղել փաստաթղթերի ձեւակերպմամբ, որոշ դեպքերում պահանջվել է երկար ժամանակ։ 

ՄԻԵԴ-ը նշել է, որ ազատությունից ցանկացած զրկում պետք է լինի օրինական։ Ձերբակալությունը պետք է հիմնված լինի հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի վրա:  Հետևաբար եվրոպական դատարանը մերժել է Կառավարության առարկությունները՝ արձանագրելով, որ դատարան դիմողների ձերբակալությունը նրանց կողմից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա չի եղել։ Այդ եզրակացությանը հանգելով՝ ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դիմողների մնացած բողոքներին՝ կապված նրանց ոստիկանությունում պահելու օրինականության հետ։

Դավիթ Սելիմյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ը մանրամասերին չի անդրադարձել, հղում է կատարել 2025թ․ փետրվարի 13-ին Հովհաննես Իշխանյանի գործով կայացված վճռին։ Այս գործով արձանագրվել է, որ Իշխանյանը ձերբակալվել է առանց ողջամիտ կասկածի կամ անհատական քննության, որ նրա գործողությունները կրել են քրեական բնույթ՝ մոտ 8 ժամ պահվելով ոստիկանությունում։ Թեև նրան զրկել էին ազատությունից խուլիգանության հիմքով, սակայն ավելի ուշ հարցաքննել են վկայի կարգավիճակում։

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ չկան տվյալներ, որ անձանց ոստիկանությունում պահել են  «բերման ենթարկելու» կարգին համապատասխան։ Կառավարության փաստարկներից և քննության նյութերից պարզվել է, որ 3-ժամյա ժամկետը լրանալուց հետո, որպես «բերման ենթարկված», ցուցարարները պետք է ազատ արձակվեին, քանի որ չի եղել որևէ հիմնավոր կասկած հանցագործություն կատարելու մասով, որով կարող էր արդարացվել նրանց ոստիկանությունում պահելը։ Չի եղել նաև հիմք ենթադրելու, որ ձերբակալված անձինք ազատ էին լքելու ոստիկանության բաժինը։

ՄԻԵԴ-ն այս գործով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Իշխանյանին վճարել 4,600 եվրո ոչ նյութական վնասի և 1500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշենք, որ Դավիթ Սելիմյանի իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, իսկ Տարոն Սիմոնյանի և Արինե Սուքիասյանի իրավունքների պաշտպանությամբ զբաղվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter