Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու երկու այլ աշխատակիցներ
Այսօր ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, վերջինիս որդին ու շախմատիստ Սմբատ Լպուտյանը։ Վերջիններս ձերբակալվել են որպես համալսարանի աշխատակիցներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ համալսարանի երեք աշխատակիցներ ձերբակալվել են, սակայն անուններ չասաց:
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- ասաց Մ. Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում 2025թ. հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել