HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետի մամուլի ծառայությունց հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:

«2024թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։

Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։

Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։

Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։

Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։

Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter