Արմավիրի 166 միլիոնանոց շատրվանը ավարտական ակտ չունի. այն 2 տարի «փորձարկվում է»
2024թ. հուլիսին մեծ շուքով բացվեց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցված շատրվանը: Լուսաձայնային էֆեկտներով շատրվանի բացմանը ներկա էին Կառավարության անդամներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, նույնիսկ հարևան մարզերի համայնքների ղեկավարները: Սակայն, շատրվանը մինչ օրս չունի ավարտական ակտ: Այժմ էլ վերանորոգվում է, քանի որ ավազանից ջրի արտահոսք կա:
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման սուբվենցիոն ծրագրի հայտին հավանություն է տվել ավագանին: Աշխատանքներն իրականացվել են համաֆինանսավորման ծրագրի շրջանակում՝ 70% համայնք, 30% պետություն համամասնությամբ։
2023թ. մարտի 20-ին հայտարարվել է բաց մրցույթ, սակայն մասնակից չլինելու պատճառով այն չի կայացել։ Հաջորդ մրցույթը հայտարարվել է 2023թ. ապրիլի 25-ին՝ նախահաշվային 166 մլն 430 հազար 790 դրամ արժեքով։
Հաղթող է ճանաչվել «Օմեգա Շին» ՍՊԸ-ն: 2023թ. հունիսի 5-ին ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 166 մլն 430 հազար դրամ արժեքով: Պայմանագրի կատարման ժամկետ է սահմանվել 300 աշխատանքային օրը։ Շատրվանը վերակառուցվել է՝ պահպանելով նախկին տեսքը, սակայն նոր ավազան է կառուցվել: Տեղադրվել են լուսաձայնային էֆեկտներ, ֆիլտրացիոն համակարգ, կառուցվել է կառավարման կետ:
Շինարարությունն իրականացրած «Օմեգա Շին»-ը համեմատաբար նոր ընկերություն է, ստեղծվել է 2021թ. օգոստոսին: Հիմնադիրն ու տնօրենը Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղի բնակիչ Միսակ Մարգարյանն է։
Կառավարությունը 2023թ. դեկտեմբերի 28-ին որոշել է սուբվենցիոն ծրագրի աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանել 2024թ. նոյեմբերի 1-ը: Այդ ժամկետում աշխատանքները չեն ավարտվել: 2024թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ նոր ժամկետ է սահմանվել մինչև 2025թ. նոյեմբերի 15-ը։ Սակայն, 2026թ. ապրիլի 18-ի դրությամբ աշխատանքներն ավարտված չեն:
«Շատրվանը չունի շահագործման ակտ, քանի որ այն չի հանձնվել շահագործման և գտնվել է փորձնական գործարկման փուլում, որի ժամանակ ի հայտ եկած թերությունները պատվիրատու Արմավիրի համայնքապետարանի առաջարկությունների և տեխնիկական հսկողի առաջադրանքի հիման վրա իրականացնում է «Օմեգա Շին» ՍՊԸ-ն»,- հայտնում է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2026թ. մարտի 5-ին իր քաղաքական թիմի հետ այցելել էր Իջևան, որտեղ ևս շատրվան է կառուցվել, հետաքրքրվում էր որակով: Որպես դրական օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի շատրվանները ներկայացրեց։
«Պարոն Խուդաթյան, քանի որ Արմավիրի շատրվանը շատ լավ է եղել, անընդհատ մարզպետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասում եմ՝ տեսեք, Արմավիրն այնպիսի նշաձող է դրել, որ պետք է բան անենք»,- դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
2024թ. հուլիսի 26-ին վարչապետն այցելել էր Արմավիրի մարզ և երեկոյան դիտել Արմավիր քաղաքի շատրվանի լուսաձայնային շոուն։
«Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան»,- հրապարակված տեսանյութին կից գրել էր Ն. Փաշինյանը:
Թեև համայնքապետարանը հայտնում է, որ շատրվանը չի հանձնվել շահագործման, սակայն 2024թ. հուլիսի 27-ին Արմավիրի համայնքապետարանը հայտարարել է շատրվանի բացման հանդիսավոր արարողության մասին: Միջոցառմանը ներկա էին այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Կառավարության ներկայացուցիչներ, մարզային կառույցների և համայնքների ղեկավարներ:
Կենտրոնական հրապարակի վերակառուցված շատրվանի բացման արարողության առթիվ համերգ էր կազմակերպվել: Այդ նպատակով Արմավիրի համայնքապետարանը պայմանագիր էր կնքել «Ռեինկարնացիա» ՍՊԸ-ի հետ, որի արժեքը եղել է 4 մլն 800 հազար դրամ:
Թե՛ 2024թ.-ին, թե՛ 2025թ.-ին շատրվանը գործել է: Արմավիրի համայնքապետարանը նույնիսկ արգելապատնեշներ է տեղադրել, որպեսզի քաղաքի գլխավոր շատրվանի աշխատանքի ժամանակ երթևեկության մասնակիցների և հետիոտների անվտանգությունն ապահովվի: Պարզվում է՝ այդ ամենը շահագործում չէ, ուղղակի փորձնական գործարկում է: Իսկ վարչապետի վկայակոչած նշաձողն այնքան էլ բարձր չէ, քանի որ շատրվանը դեռ պատշաճ չշահագործած` որակական խնդիրներ են ծագել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել