HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ստեփանավան. հետընտրական հաշվեհարդարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը` պարանոցի եւ դեմքի շրջանում ստացած կտրած-ծակած վերքերով, Արծրուն Հակոբյանը եւ Արթուր Աղաջանյանը` հրազենային վնասվածքներով:

Քաղաքապետի արձակած կրակոցներից վիրավորված երրորդ անձը` Արմեն Գրիգորյանը, գտնվում է հետախուզման մեջ:

Սարգիս Ղարաքեշիշյանը (մականունը` «Քոթո») Ստեփանավանի քաղաքապետն է 2002 թվականից: Վերջերս` հոկտեմբերի 19-ին, նա այդ պաշտոնում վերընտրվեց երրորդ անգամ:

Ըստ մամուլի հրապարակումների` Ս. Ղարաքեշիշյանի բոլոր «ընտրություններն» էլ աչքի են ընկել բազմաթիվ խախտումներով, հօգուտ նրա բաժանված ընտրակաշառքներով, բնակչության եւ հատկապես իր հակառակորդների կողմնակիցների նկատմամբ կիրառվող ահաբեկումներով:

Ստեփանավանում քաղաքապետը հայտնի է իբրեւ «կրակող տղա»: Երկու տարի առաջ քաղաքի մերձակայքում` Ամրակից գյուղում գտնվող Ս. Ղարաքեշիշյանի օբյեկտում` «Դրախտ» ռեստորանային համալիրում, հաճախորդներից մեկը հանդգնել էր «անհամ կատակ անել»: Ծագած վիճաբանության արդյունքում քաղաքապետը կրակել էր «կատակասերի» ոտքին: Տուժող Վարուժան Մովսիսյանն այդպես էլ չէր բողոքել: Իսկ իրավապահ մարմիններում «Հետքի» աղբյուրը նշեց, որ այդ գործով դատապարտվել է միանգամայն այլ քաղաքացի, որն իր վրա է վերցրել կրակելու փաստը:

Ս. Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ երեք ամիս առաջ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Տարբեր հավաքույթներում քաղաքապետն ասել է, որ այս ընտրություններում ծախսել է մոտ 30 մլն դրամ: Իսկ «հաղթելուց» հետո քաղաքապետը սկսել է իրականացնել հետընտրական հաշվեհարդար. աշխատանքից ազատվել են նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ձայնը տվել են վերջինիս մրցակիցներին: Ավելին` հեռացումները տարածվել են նաեւ «սխալ» ընտրողների հարազատների վրա:

Պատմում է Ստեփանավանի թիվ 1 երաժշտական դպրոցից հեռացված ուսուցիչներից մեկը, ում անունը, իր խնդրանքով, չենք հրապարակում. «Ես ընտրել եմ քաղաքապետին, իսկ ամուսինս` Սերյոժա Առաքելյանին: Ընտրություններից հետո տնօրենը կանչեց իր մոտ եւ ասաց` պարապմունքներդ դադարեցրու, ամուսնուդ քվեարկության պատճառով աշխատանքից զրկվում ես»:

Մեր զրուցակիցը նշում է, որ դպրոցի տնօրեն Մելանյա Բաղրամյանի հետ լավ հարաբերությունների մեջ է, «ուղղակի նա ստիպված է գնացել այդ քայլին` անձամբ քաղաքապետի հանձնարարությամբ»:

Բայց, հավանաբար, ուրբաթ օրվա` հոկտեմբերի 24-ի միջադեպից հետո աշխատանքից ազատման հրամանները չեղյալ կհամարվեն: Արդեն իսկ դպրոցներից հեռացվածներից ոմանց զանգահարել եւ տեղեկացրել են, թե աշնանային արձակուրդից հետո` նոյեմբերի 3-ին, գան աշխատավայր:

Հիշյալ միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետի նույն այդ հանձնարարականի պատճառով: Նրա քույրը` Ստեփանավանի դեռեւս չգործող Մշակույթի տան ղեկավար Անուշ Ղարաքեշիշյանը, աշխատանքից հեռացրել է իր քարտուղարուհուն` Լիանա Գրիգորյանին: Վերջինիս եղբայրը` Արմեն Գրիգորյանը, ընկերների հետ գնացել է «Դրախտ» ռեստորան` քաղաքապետին հանդիպելու եւ հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու: Այստեղ էլ գործի են դրվել դանակն ու հրազենը: Ա. Գրիգորյանը դիմել է փախուստի, իսկ նրա ընկերներից երկուսը քաղաքապետի հետ միասին տեղափոխվել են հիվանդանոց:

Ստեփանավանցիները պատմում են, որ դրանից քիչ անց հիվանդանոցի մոտ է հայտնվել քաղաքապետի եղբայրը` Միքայել Ղարաքեշիշյանը, հայհոյելով բարձրացել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ ավտոմատից կրակահերթ բացել դեպի երկինք:

Դեպքից հետո պետական պահպանության ծառայության մի քանի աշխատակիցներ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ժամանել են Ստեփանավան:

46-ամյա Սարգիս Ղարաքեշիշյանը «Հանրապետական» կուսակցության անդամ է: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` հոկտեմբերի 19-ի ընտրություններում նա հաղթել է 5156 քվեով: Նրա մրցակիցներ Սերյոժա Առաքելյանը ստացել է 2513, իսկ Վաչագան Բաղդասարյանը` 607 ձայն:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի հեռուստաընկերության եթերում քաղաքապետին գովազդող հոլովակում հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան նվիրել է անվանական զենք:

«Դրախտում» հնչել են հենց այդ զենքի կրակոցները: Ատրճանակը ոստիկանությանն է հանձնել Եսայի Խուբլարյանը: Նա քաղաքապետի մեկ այլ օբյեկտի` «Լոռի» ռեստորանի էլեկտրիկն է: Ներկայացված զենքը եղել է առանց փամփուշտների, մեկ պահունակով: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են փամփուշտի 4 պարկուճ:

Թեեւ միջադեպի գլխավոր մասնակիցներից Արմեն Գրիգորյանը դեռեւս հայտնաբերված չէ, եւ դեպքի մանրամասները հստակ պարզաբանված չեն, Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 25-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի «...վիճաբանության ժամանակ Ա. Գրիգորյանը, Ս. Ղարաքեշիշյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով երկու անգամ հարվածել է վերջինիս... Ա. Գրիգորյանի, ինչպես նաեւ Ա. Հակոբյանի, Ա. Աղաջանյանի եւ մյուսների հարձակումներից պաշտպանվելու նպատակով` Ս. Ղարաքեշիշյանը կրակել է իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Ա. Գրիգորյանը, Ա. Հակոբյանը եւ Ա. Աղաջանյանը»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածների (հանցափորձ-սպանություն) հատկանիշներով: Նախաքննությունը կատարում է ոստիկանության Լոռու քննչական բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter