HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին գլխավոր հաշվապահի՝ 190 մլն դրամ հափշտակության գործի նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է ԿԳՄՍՆ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձանց կատարած առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերի նախաքննությունը։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա: 

«Մասնավորապես՝ պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին,  հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում  վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:

Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։

Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։

Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter