HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օտարերկրյա ուսանողները կտուգանվեն

«Հետքի» խմբագրություն այցելած սփյուռքահայ երկու ուսանողներ պատմեցին, որ սկվսել է իրենցից պաշտոնապես կաշառք վերցնելու պրոցես: Ըստ ուսանողների` վերջին շաբաթներին ոստիկանության աշխատակիցները սկսել են այցելել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ուսանողների տներ:

« Նրանք ասում են, որ եթե 50-ից 100 հազար դրամ տուգանք չմուծեք, կարտաքսենք: Կամ ասում են` բաժանմունք եկեք ու ձեր հետ մի քիչ փող բերեք, որը չենք կարողանում իմանալ` ինչո՞ւ է պետք: Շատերը հրաժարվել են գնալ, բայց մեզնից մեկը ներկայացել է, ասել են` վիզայի ժամկետն ուշացնելու հետ կապված խնդիրներ կան: Բայց դու լավ տղա ես, քեզ ոչ թե 100, այլ 50 հազար դրամ կտուգանենք, փոխարենը մի քիչ մաղարիչ կանես»,- պատմում է ուսանողներից մեկը:

«Մեր կացության քարտերը տրվում են մեկ տարի ժամկետով, որը լրանում է օգոստոսի 30-ին, իսկ դա արձակուրդների շրջանն է, եւ մենք Հայաստանում չենք լինում: Բայցի այդ, եթե նույնիսկ անհրաժեշտ փաստաթղթերն օգոստոսին ներկայացնենք բուհ, միեւնույն է, այստեղից ՕՎԻՐ (ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն) են ուղարկում սեպտեմբերի 1-ից հետո»,- բացատրում է երկրորդ ուսանողը: Ուսանողները չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն:

Նրանք դիմել են նաեւ Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ նորաստեղծ Սփյուռքի նախարարություններ:

«Մեր իշխանությունները մոռանում են, որ անկախ նրանից, որ օտարերկրյա քաղաքացիներ ենք, մենք առաջին հերթին ազգությամբ հայ ենք, եւ Հայաստանը նաեւ մեր երկիրն է»,- բողոքում են սփյուռքահայ ուսանողները:

«Այս օրենքը` «Օտարերկրացիների մասին», գոյություն ունեցել է` թե´ տուգանքների վերաբերյալ, թե´ Հայաստան մուտքի իրավունքից զրկելու: Ուղղակի այն չէր կիրառվում: Այս տարի հանկարծ օգոստոսի սկզբներին Անձնագրերի եւ վիզաների վարչությունից մեզ տեղեկացրին, որ օրենքը պետք է կիրառվի, այն դեպքում, երբ բոլոր ուսանողները մեկնել էին արձակուրդ, եւ մենք իրենց հայտնել չէինք կարող,- պարզաբանում է ԵՊՀ-ի միջազգային համագործակցության, սփյուռքի բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանը: – Ամբողջ օգոստոսին եւ երեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը անձնագրերի եւ վիզաների վարչությունն էլ կողմնորոշված չէր` կիրառելո՞ւ է օրենքը, թե՞ ոչ: Ասենք` օգոստոսի 20-ին ասում էին` պետք է կիրառենք, բայց անցնում էր մեկ շաբաթ, ասում էին` դեռ ոչ: Այդ ընթացքում մենք գրությամբ դիմել ենք ե´ւ Ռեկտորների խորհրդի նախագահին, ե´ւ ԿԳ նախարարին, ե´ւ վարչապետին, որպեսզի օրենքի կիրառումը հետաձգվի: Բայց հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական լուծում չի ստացել»:

ԿԳ նախարարությունից «Հետքին» փոխանցեցին, որ խնդրի առնչությամբ հարցում են արել ոստիկանապետին եւ սպասում են պատասխանի: Իսկ Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թեւոս Ներսիսյանը տեղեկացրեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը հարցը քննարկել է ոստիկանապետի եւ անձնագրերի ու վիզաների վարչության պետի մասնակցությամբ. «Տուգանելը ոստիկանության նախաձեռնությունը չէ, դա օրենքի պահանջն է: Բացի այդ, երկրից նաեւ վտարում են այն մարդկանց, ովքեր ուշացնում են թղթերը ներկայացնել: Միակ բանը, որ ՕՎԻՐ-ը խոստացավ, դա ընդառաջելն է, որպեսզի նման մարդիկ չարտաքսվեն»,- ասաց Թ. Ներսիսյանը:

Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին պարզաբանումներ տվեց այս առնչությամբ. «Կացության կարգավիճակի ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, եւ նրանք (ուսանողները) պարտավոր էին մեկ ամիս առաջ ներկայանալ եւ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց եթե ուշացրել են, դա այդքան էլ կատաստրոֆիկ վիճակ չէ, որովհետեւ կարող էին սեպտեմբերի 10-ին էլ ներկայանալ, 120 օրով վիզա ստանալ, մինչեւ որ ձեռք կբերեին նոր կացության կարգավիճակ: Որեւէ գործընթացային խոչընդոտ գոյություն չունի: Ընդամենը իրենց անփույթ վերաբերմունքի արդյունք է, որ հիմա գտնվում են ոչ իրավաչափ կարգավիճակում»:

Փոխոստիկանապետի խոսքերով` իրենք խորհրդակցել են տարբեր բուհերի ռեկտորների հետ եւ առաջարկել են, որպեսզի սահմանված ժամկետը հետաձգվի մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններն այցելում են ուսանողներին կամ վերջիններիս հրավիրում ոստիկանության բաժիններ, Գ. Մհերյանը համարում է բնական. «Որովհետեւ իրենք խախտել են կացության կարգավիճակի ժամկետները եւ հայտնվել այն իրավիճակում, որ ենթակա են վարչական տուգանքի: Եվ պարտադիր բոլորը պետք է տուգանվեն` 50-ից 100 հազար դրամի չափով»:

Թե կոնկրետ ո՞ր օտարերկրյա ուսանողն ինչքա՞ն կտուգանվի, ըստ փոխոստիկանապետի` արդեն հայեցողական լիազորություն է:

«Բայց իմ կողմից տրված է հանձնարարական, որ պատճառաբանված խախտումների դեպքում չեզոք մոտեցում լինի եւ 50 հազար դրամի տուգանք կիրառվի,- նշում է Գեւորգ Մհերյանը:- Կարծում եմ` կա ավելի էական խնդիր: «Օտարերկրացիների մասին» օրենքում նախատեսված է, որ եթե անձը խախտում է վիզայի կամ կացության կարգավիճակի ժամկետը, ապա վարչական պատասխանատվությունից բացի, նա պետք է վտարվի ՀՀ տարածքից: Այս պահին ոստիկանությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով վտարման գործընթացը եւ դրանից հետո վերադարձի համար մեկ տարվա արգելք նախատեսող նորմը կփորձենք վերացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter