Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականը 8 հողամաս է վերադարձրել համայնքին. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վրույր Այվազյանը, օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։
«Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վրույր Այվազյանը դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։
Բացի այդ, Վրույր Այվազյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վրույր Այվազյանն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել