HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

321 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար

Կառավարությունը որոշել է 321 մլն դրամ հատկացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների նպատակով։ Նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թթ. միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Ստորեւ՝ այս թեմայով Կառավարության նիստում քննարկման մասին հաղորդագրությունը։ 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը թույլ կտա վերջինիս շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ստեղծել ինքնաբավություն։ Հիմնավորման համաձայն՝ ԻԿԱՕ-ի 2024 թ. աուդիտի արդյունքներով ՀՀ-ն ստացել է միայն 52,18% ցուցանիշ, ինչը ցույց է տալիս, որ առկա համակարգը չի համապատասխանում միջազգային պահանջներին և ունի լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն։ ԵՄ-ի գնահատողական այցի արդյունքում արձանագրվել է 58 թերություն և 11 առաջարկություն, որոնք ընդգծում են թռիչքային անվտանգության ոլորտում կանոնակարգման, վերահսկողության և գործընթացների համակարգման թույլ կողմերը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեման բավական հասունացած է և անհրաժեշտ է առերեսվել ոլորտում առկա խնդիրներին. «Մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով այս ոլորտում ևս պետք է առերեսվենք այն փաստին, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս։ Եվ այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ են նաև որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում՝ հրավիրել պատշաճ մասնագետներ, ստեղծել համապատասխան կառուցակարգեր և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակի վերադասավորել այնպես, որ լինելով պետական կառավարման մարմին, հնարավորություն ունենա նաև գեներացնել ծառայություններ, սեփական բյուջե»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշմամբ հնարավորություն կտրվի ապահովել մրցունակ աշխատանք, վարձատրություն և ներգրավել միջազգային բարձրակարգ մասնագետների։ Վարչապետը նշել է, որ ոլորտում ներկայում առկա են բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել իրականացնել այդ փոփոխությունները։ «Մենք սկզբունքորեն այս որոշումը կայացրել ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ունենա առանձնահատուկ կարգավիճակ՝ նաև հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բուռն զարգացումները»,- ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ այդ նպատակի համար լավագույն կառավարման մոդելն ընտրելու համար Կառավարությունը պատրաստվում է համագործակցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերն աճել են 580 տոկոսով, ինչը նշանակում է, որ պետք է լայնորեն զարգացնել ավիափոխադրումները դեպի Եվրամիություն և ոչ միայն։

Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ պայմանագրով ԻԿԱՕ-ի հետ աշխատանքը, մոտավորապես՝ մեկ տարի ժամանակ է ենթադրում. «Մեկ տարվա ընթացքում տարբեր փուլերով խորհրդակցություններ կտան որոշակի վարչությունների աշխատանքի վերակազմակերպման ձևով»։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտի մասնագետներն անում են առավելագույնը Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ: Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նաև վիճակագրություն, ըստ որի՝ նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ են իրականացվել։ «Հայաստան և Հայաստանից ուղևորահոսքն աճել է, նախորդ տարի ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր, այդ թվում բազմաթիվ նոր ուղղություններով։ Նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղություններով թռիչքներ ենք սկսել իրականացնել։ Այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք՝ և եվրոպական ուղղություններով, և այլ երկրների մասով։ Երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք։ Խոսքը Երևան-Լոնդոն-Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա։ Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավիաընկերություններ են հայտարարել՝ ամսաթվերը և տոմսերի վաճառքը ֆիքսված են։ Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի։ Դեպի Նիդեռլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն։ Գիտեք, քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելու՝ հաշվի առնելով նաև Հյուսիս-հարավ ճանապարհի բացումը։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից, երբեմն, օրվա որոշ ժամերի, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հասնելը։ Այս ուղղությամբ, կարծում եմ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ էլ քննարկում ենք այնտեղից, բացի Լառնակայից և դեպի Ռուսաստան ուղղություններից նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցերը»,- տեղեկացրել է ՏԿԵ նախարարը։

Դավիթ Խուդաթյանը նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծված թողունակությունից ավելի է աշխատում. «Տարբեր մասնագետների կարծիքով՝ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծվել է մինչև 3.5, առավելագույնը 4 մլն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավելի էր, և նախորդ տարի միայն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6 տոկոս աճ ենք ունեցել: «Շիրակի» մասով, իհարկե, 33 տոկոս աճ ենք ունեցել, մոտավորապես 20-30 տոկոս ավելի է սպասարկում պոտենցիալից»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա շատ լավ լուր է, և մենք այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը և Հայաստանն ավիացիոն հաբ դառնան կամ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անեն։ Եվ նաև սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներին»:

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter