Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
«Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ», «Դարձե՛ք մեզանից մեկը» պաստառներով «Սրբազան պայքար»-ի աջակիցները դատարանի դահլիճում իրենց աջակցությունն էին հայտնում 18 մեղադրյալներին։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Այսօր՝ ապրիլի 23-ի դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ ապրիլի 25-ին լրանում է Բագրատ Սրբազանի կալանք խափանման միջոցի ժամկետը, ուստի առաջնահերթ պետք է խափանման միջոցի հարցը քննեն։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց՝ չեն փոխոխվել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները, և միջնորդեց կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։
Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոնյանը նշեց՝ պաշտպանական կողմի համար անակնկալ չէր այս միջնորդությունը։ «Սա իշխանությունների պատասխանն է այն զանգվածային խաղաղ հավաքներին, որոնք սկիզբ են առել 2024թ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ»,- ասաց նա։
Պաշտպանը շեշտեց՝ թեև իրենք կենտրոնացել են ահաբեկչության մեղադրանքի վրա, մեկ այլ ծանր մեղադրանք էլ իշխանությունը զավթելու փորձն է, սակայն մեղադրողների ընթերցած մեղադրական եզրակացությունը չէր պարունակում ձևակերպում, որը կվկայեր իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց՝ գոյություն չունի որևէ տվյալ, որը կփաստի՝ Բագրաստ Սրբազանի կամ մյուս մեղադրյալների որևէ գործողության արդյունքում որևէ անձ կարող էր տուժել։
«Սա մեծագույն սուտն է, որը տեղ է գտել մեղադրական եզրակացության մեջ։ Այս գործը հիմնված է կեղծ ապացույցների վրա, Դատախազությունը կեղծ ապացույցներով կեղծ մեղադրական եզրակացություն է բերել դատարան»,- նշեց պաշտպանը։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցի ժամկետը երկու ամսով երկարաձգել։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց՝ վարույթը հիմնական դատաալսումների փուլում է, վարույթին խոչընդոտելու, հանցանք կատարելու նվազ ռիսկերն այս պահին չեն վերացել, ուստի այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն պատշաճ օրինական վարքագիծ ապահովել։
Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա բացման խոսքով։ Այն նշանակվել է ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել