Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը ջուրը չէ
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան հայտնում է, որ քաղաքում բռնկված աղիքային վարակի պատճառը ջուրը չէ։
Հիշեցնենք, ապրիլի 21-22-ին Բյուրեղավանի բազմաթիվ բնակիչներ նույն գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, դիմել էին Կոտայքի մարզի բուժհաստատություններ։ Նրանցից ոմանք հոսպիտալացվել էին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները նմուշներ էին վերցրել ջրից ու հիվանդներից: Եվ ահա այսօր՝ ապրիլի 23-ին, Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան հայտարարել է, որ վարակի պատճառը խմելու ջուրը չէ։
«Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է արդյոք օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։ Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։
Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։ Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել