HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Ադրբեջանի անունը e-auctions.am կայքում նոր չի ավելացվել. Նարեկ Կարապետյանի պնդումը սխալ է

Նարեկ Կարապետյանի կողմից տարածվող տեղեկատվությունը, թե Պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում՝ e-auctions.am-ում, երկրների ցանկում «առաջացել է մի նոր երկիր»՝ Ադրբեջանը, այսինքն՝ վերջինիս անունը ավելացվել է այդ ցանկում, չի համապատասխանում իրականությանը։

Տարածված տեսանյութի միջոցով Կարապետյանը հարց է բարձրացնում, թե արդյոք Ադրբեջանի քաղաքացիներին ՀՀ պետգույքի աճուրդներին մասնակցելու իրավունք տալը խաղաղության պայմանագիրը ստորագրելու՝ Ադրբեջանի նախապայմաններից մեկն է: Չնայած «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ոչ թե պնդում է անում, այլ հարց տալիս (որը, գուցե, ավելի շատ հռետորական է), իրականում հարցադրման հիմք հանդիսացող ինֆորմացիան կեղծ է:

Ի՞նչ է պնդում Նարեկ Կարապետյանը

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսաուղերձում հայտարարում է, թե պետգույքի աճուրդների կայքում հայտնվել է «մի տարօրինակ բան»՝ Ադրբեջանի անունը։ Կարապետյանը սա կապում է Ադրբեջանի նախագահի՝ 300 հազ. ադրբեջանցիների վերադարձի պահանջի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի հետ։ Ըստ Կարապետյանի՝ սա հնարավորություն է տալիս Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում պետական հողատարածքներ գնել։

Ի՞նչ են ցույց տալիս արխիվային տվյալները

E-auctions.am կայքը գործարկվել է 2024 թվականի նոյեմբերի 20-ին։

Ուսումնասիրելով կայքի պատմությունը Web Archive գործիքի միջոցով՝ պարզ է դառնում, որ դրա գրանցման բաժինը, որտեղ և զետեղված է աճուրդներին մասնակցել ցանկացողների երկրների ընտրության ցանկը, առաջին անգամ արխիվացվել է 2025 թվականի հունվարի 12-ին։

Այսօրվա և մոտ 1,5 տարի առաջ եղած ցանկերի համադրումը փաստում է, որ դրանք նույնական են։ Երկուսում էլ ներկայացված է 239 երկիր և տարածք, որոնց թվում կան ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու Պակիստանը, տարբեր երկրների անդրծովյան տարածքներ, որոնք առանձին պետություն չեն, նույնիսկ՝ Անտարկտիդան, որը ոչ մի երկրի չի պատկանում:

Հետևաբար, որևէ նոր երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, վերջին շրջանում ցուցակում չի ավելացվել, և կայքի տեխնիկական կառուցվածքն այդ մասով մնացել է անփոփոխ։

Ի՞նչ է ասում Պետական գույքի կառավարման կոմիտեն

«Հետքը» թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել Պետգույքի կառավարման կոմիտեից։ Հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը հերքեց այն պնդումները, թե կայքում որևէ նոր երկիր է ավելացվել՝ նշելով, որ համակարգն օգտագործում է ստանդարտացված ցուցակ․ «Կայքում աշխարհի բոլոր երկրները նշված են, ցանկը ավտոմատ միանգամից լցված է, և կայքի հիմնադրումից ու գործարկումից ի վեր բոլոր այդ երկրները եղել են նշված դաշտում»։

Անդրադառնալով կոնկրետ Ադրբեջանի անվան շուրջ շրջանառվող լուրերին՝ Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծեց․ «Հաշվի առնելով, որ նշված էր, թե վերջերս ավելացվել է նաև Ադրբեջան անվանումը և այլն՝ նման բան չկա։ Ի սկզբանե էլ հենց բոլոր երկրների ցանկը ավտոմատ էդտեղ լրացված է եղել»։

Պրոռուսական տելեգրամյան ալիքները սկսել են տարածել Կարապետյանի ուղերձը

Նարեկ Կարապետյանի տեսանյութը կարճ ժամանակում դարձավ ապատեղեկատվության հիմք մի շարք պրոռուսական տելեգրամյան ալիքների համար, որոնցից որոշներն ունեն բազմահազար հետևորդներ։ Օրինակ՝ Ереванский наблюдатель և դրան հղում արած Ежедневный журнал (ունի 597 հազ. հետևորդ) ալիքները տարածել են այս տեղեկությունը՝ ներկայացնելով, որ այն պարզել է Նարեկ Կարապետյանը։

Ամփոփելով՝ վարչապետի ընդդիմադիր թեկնածու Նարեկ Կարապետյանի հաղորդած ինֆորմացիան Ադրբեջանին e-auctions.am-ի երկրների ցանկում ավելացնելու մասին սխալ է, իսկ դրան հաջորդած հարցադրումը՝ հիմնազուրկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter