HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զինվորին չեն զորացրում

Նարեկ Խաչինյանը 20 տարեկան է, ծառայում է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի զորամասում: Նա արդեն ամուսնացած է. որդին շուտով կդառնա 1 տարեկան 4 ամսական: Այս տարվա նոյեմբերի 19-ին Նարեկը զանգել է տուն եւ ասել, որ հրամանատարներն իր զինգրքույկը վերցրել են` հաջորդ օրը զորացրելու համար: Բայց զինվոր Խաչինյանն այդպես էլ չի զորացրվել, թեեւ նոյեմբերի 20-ին լրացել է նրա ծառայության օրացուցային ժամկետը:

 «Զինգրքույկս որ վերցրին, շրջիկ թերթիկ տվեցին, որ զորամասի թեյարանում ու գրադարանում լրացնել տամ: Արդեն հասել էի թեյարանի մոտ, մեկ էլ 2-րդ գումարտակի հրամանատար Արտաշես Մինասյանը հարցրեց` ո՞ւր ես գնում: Պատասխանեցի, որ թերթիկը պիտի լրացնել տամ, որ պարտք ու պահանջ չունեմ, որպեսզի վաղը զորացրվեմ: Բայց Մինասյանը հայհոյեց ու ասաց` գնա ստեղից, ինձ չի հետաքրքրում, զորացրվում ես, թե ինչ ես անում»,- պատմում է նարեկը:

Նրա խոսքերով` վերջին օրը պատմությունների մեջ չընկնելու համար ինքը տարածքից ուղղակի հեռացել է: Սակայն Մայոր Մինասյանը հետեւել է իրեն եւ փորձել հարվածել:

«Ձեռքը բարձրացրեց, որ խփի, բռնեցի: Բա` ձեռքս թող: Ասացի` թողեմ, որ խփե՞ս: Թե բա` չեմ խփի, թող,- հիշում է Նարեկը,- թողեցի, բան չարեց: Բայց հետո կանչեցին կաբինետից կաբինետ ու ասացին, որ Մինասյանին հայհոյելու համար մինչեւ ամբողջ գնդի ներկայությամբ ներողություն չխնդրեմ, չեն զորացրելու: Բայց ես ընդհանրապես չեմ հայհոյել, ձեռքը բռնելուց բացի, ոչ մի բան չեմ արել»:

«Ես հաջորդ օրը գնացի զորամաս: Ամեն ինչ շատ պարզ է. իրենց տված հայհոյանքը բարդում են տղայիս վրա: Մայոր Մինասյանին ասացի՝ եթե ձեր ուզածն այդ ներողությունն է, Նարեկը պատրաստ է նաեւ այդ քայլին դիմելու, մենակ թե թողեք գա հասնի տուն ու իր երեխուն տեր կանգնի: Ամեն ինչ գցեցին գնդի հրամանատարի վրա, ու ամենքը մի տեղ գնացին»,- շարունակում է Նարեկի հայրը` Մկրտիչ Խաչինյանը:

«Ես հո հիմա՞ր չեմ, որ զինվորին տենամ ու հայհոյեմ,- ասում է մայոր Արտաշես Մինասյանը,- այդ պահին դասի ժամ էր, եւ զինվորն իրավունք չուներ տեղ գնալ: Մի քանի հոգով էին, ասացի` հետ գնացեք, բոլորը ենթարկվեցին, բայց ինքը հակաճառեց` իհարկե, շատ կոպիտ ձեւով: Ես էլ ներկայացրել եմ զորամասի հրամանատարին, նա էլ որոշում է կայացրել»: 

«Ճիշտ է` ձեռքս բարձրացրել եմ, բայց չեմ փորձել խփել: Ուզում էի կարգի հրավիրել` թեւից բռնելով: Իսկ դա խփել չի նշանակում, ու ես դրանից հետո մատով էլ չեմ կպել իրեն»,- ավելացնում է Ա. Մինասյանը:

Գնդի հրամանատար Գեւորգ Ենոքյանը հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին: 

«Ես հանդիպեցի նաեւ գնդի հրամանատար Ենոքյանին: Նորմալ բարեւեց, բայց հենց իմացավ` ինչի համար եմ եկել, սկսեց գոռգոռալ, թե` իմ ցանկությունն ա, երբ ուզեմ, կբրախեմ, ստի ասողը ես եմ: Հարցնում եմ` պատճառը ո՞րն է, բա` սպային հայհոյել է: Հարցնում եմ` իսկ ինչո՞ւ չեք պատժում, հանձնում ռազմական ոստիկանությանը, կարգն այդպես չի՞: Սկսեց ավելի անպատիվ ձեւով խոսել, ասում է` որոշել էի տղայիդ դեկտեմբերի 31-ին զորացրել, բայց հիմա հունվարի 10-ին եմ ուղարկելու»,- պատմում է զինվորի հայրը: Վերջինս ընդգծում է, որ որդուն բանակ է ուղարկել հայրենիքին ծառայելու, ոչ թե հրամանատարների ստրուկը դառնալու:

Նարեկը մինչեւ զորակոչվելը զբաղվել է կարատեով, դարձել Հայաստանի կրկնակի չեմպիոն, նույնիսկ զբաղվել է մարզչական աշխատանքով: Երեք տարի առաջ «Իջեւան» թերթը գրել է, որ նա թեեւ ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց փխրուն սիրտ ունի եւ չի սիրում «աքլորանալ»:

«Եթե սպային հակաճառել է, դա արդեն տույժի ենթակա արարք է, ինչը հրամանատարի որոշելիք խնդիրն է: Ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:  

Իսկ նման արարքի համար հրամանատարն իրավունք ունի՞ զինվորի ծառայության ժամկետն ավելացնել: «Հետքի» հարցին ի պատասխան՝ Ս. Շահսուվարյանն ավելացրեց. «Հասարակ բան եմ ասում` ստադիոնում դատավորի հետ ֆուտբոլիստը հակաճառում է, իրեն դաշտից դուրս են հրավիրում: Հիմա ես ի՞նչ իմանամ, ի՞նչ է եղել, ի՞նչ ձեւի է հակաճառել, որ մեկնաբանեմ: Բայց դեկտեմբերի 31-ը վերջին ժամկետն է, դրանից ավել չեն կարող պահել»:

«Հարցը ծառայության ժամկետը չէ, տղաս 2 տարի ծառայել է, 1-2 ամիս էլ կծառայի: Ուղղակի ահավոր վիրավորված եմ: Նարեկը ծառայության ընթացքում ոչ մի նկատողություն չի ստացել, տույժի չի ենթարկվել: Բայց հիմա համ հայհոյում են, համ ստորացնում, թե՝ ներողություն խնդրի, համ էլ տուն չեն թողնում: Ես հո իրանց անասո՞ւն չեմ տվել, որ ինչքան ուզեն, պահեն,- ասում է Մկրտիչ Խաչինյանը:- Արդեն հերթագրվել եմ, որ մտնեմ պաշտպանության նախարարի մոտ: Եթե պետք եղավ, կհասնեմ մինչեւ երկրի նախագահին»:
 
Հ.Գ. Այսօր Նարեկի հայրը փոխանցեց, որ որդուն որոշել են ուղարկել դիրքեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter