Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 24-ին պայքարի մեջ մտան 94 կգ քաշային տղամարդիկ։ Հայ ծանրորդ Արա Աղանյանն արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 381 կգ արդյունք։
Պոկում վարժությունում Աղանյանը մեկը մյուսի հետևից շատ վստահ բարձրացրեց 167, 172 և 175 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում ևս մեր ծանրորդը հաջող սկսեց։ Առաջին մոտեցմամբ Աղանյանը 200 կգ հրեց։ Ապա մեր ծանրորդը 206 կգ-ի մոտեցավ, մրցավարները քաշն արձանագրեցին մոտեցումը վերանայելուց հետո։ Երրոդ մոտեցման համար պատվիրած 212 կգ Աղանյանը հրել չկարողացավ։ Այս ձևում Աղանյանը երրորդն էր։
Երկամարտի 381 կգ արդյունքով Աղանյանը արծաթե մեդալ նվաճեց, իսկ բուլղարացի ծանրորդ Կառլոս Նասարը չորրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց՝ երկամարտում գրանցելով 386 կգ արդյունք։
Արա Աղանյանը 2022-ին և 2023-ին ևս Եվրոպայի առաջնություններում արծաթե մեդալներ էր նվաճել։
Սա այս առաջնությունում մեր 4-րդ արծաթե մեդալն էր։ Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էին Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Գոռ Սահակյանը, իսկ Մարտին Պողոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել։
Մեր ծանրորդների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Քիչ անց պայքարի մեջ կմտնեն 86 կգ քաշային կանայք։ Հայաստանն այստեղ երկու ներկայացուցիչ ունի՝ Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել