Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ծանրորդ Էմմա Պողոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կանանց պայքարում երկամարտի 248 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց:
Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր:
Հրում վարժությունում ևս մեր ծանրորդն անթերի աշխատեց՝ գլխավերևում վստահորեն ֆիքսելով 132 կգ, 134 կգ, 141 կգ: Վերջին մոտեցմամբ Պողոսյանը երիտասարդների նոր ռեկորդ սահմանեց հրում վարժությունում՝ ապահովելով վարժության ոսկե մեդալը:
Երկամարտի 248 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ ու 101 կգ արդյունքով 9-րդ հորիզոնականը զբաղեցրեց:
Հրում վարժությունը Գյուրջյանը հաջող սկսեց՝ բարձրացնելով 130 ու 135 կգ: Վերջին մոտեցման համար պատվիրված 141 կգ նա հրել չկարողացավ։ Այս վարժությունում Գյուրջյանը զիջեց միայն Էմմա Պողոսյանին ու նվաճեց հրում վարժության արծաթե մեդալը։ Երկամարտի 236 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց:
Ընթացիկ առաջնությունում սա մեր առաջին ոսկե մեդալն էր, ավելի վաղ մեր ծանրորդները 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ էին նվաճել։
Մեր ծանրորդների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել