HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Այգու վերաբերյալ Վանաձորի քաղաքապետը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել դատարանին

Վանաձորում հանգստի ու ժամանցի մի քանի գոտիներ կան` Սայաթ-Նովայի անվան (քաղաքային), Քիմիագործների, Երկաթուղայինների, Երիտասարդության (Դիմացի) այգիները,  Ազատամարտիկների,  Տիկնիկային թատրոնին հարակից,  4-րդ դպրոցի դիմացի և «Արցախ» պուրակները,  քաղաքային լիճը: Բացի «Արցախ» պուրակից, որը վաճառված է, մյուսները տրված են վարձակալությամբ: Նշվածներից մինչ օրս քաղաքապետը միայն Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վարձակալին է դատի տվել պարտավորությունները չկատարելու համար, այն էլ, պարզվում է, անհիմն:

Այգին վարձակալող «Արծիվ» ՍՊԸ-ի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի միջև 2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրով` 45 000 քմ մակերեսով այգին ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել մինչև 2013 թվականը: 1 քմ վարձավճարի ամսական գինը սահմանվել է 59 580 դրամ:

Սակայն 2009-ից սկսած` Վանաձորի քաղաքապետարանը կամայական ձևով վարձավճարի չափն սկսել է հաշվարկել ամսական 88 650 դրամով: Ընդ որում, ոչ միայն վարձավճարը, ժամկետանց տույժերն էլ է հաշվարկել նշված սակագնով: ՍՊԸ-ի վճարած գումարները քաղաքապետարանը հաշվանցում էր որպես անհիմն հաշվարկված տույժի մարում, արդյունքում առաջանում էր ապառքի մնացորդ, որի վրա կրկին տույժ էր հաշվարկվում: Ընկերության ներկայիս տնօրեն Վահան Մխիթարյանը փորձեց դատարանի միջոցով պարտավորեցնել քաղաքապետարանին` կատարելու պայմանագրային պարտավորություններից բխող` պարտքի գումարի վերահաշվարկ:

Ի պատասխան` Վանաձորի քաղաքապետը «Արծիվ» ՍՊԸ-ի դեմ հայց ներկայացրեց դատարան` պահանջելով վաղաժամկետ լուծել նրա հետ վարձակալման պայմանագրերը: Իր հայցը հիմնավորելու համար  քաղաքապետն անօրինական փաստաթուղթ էր ներկայացրել դատարան` իբր 2009-ին կնքված այգու հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որով իբր Սայաթ-Նովայի անվան այգու 45 000 քմ հողամասը «Արծիվ» ՍՊԸ-ին է տրվում մինչև 2013 թվականը: Փաստաթուղթը նոտարական կարգով վավերացված չէր, և դրանից ծագող իրավունքները ենթարկված չէին պետական գրանցման: Ուստի` այն անվավեր գործարք էր, որը որևէ հետևանք, առավել ևս իրավունք ու պարտականություն չէր կարող առաջացնել, այդ թվում` հարկատվություն:

Ավելին, նշված պայմանագիրն իբր «Արծիվ» ՍՊԸ-ի կողմից ստորագրել է Սուրեն Ղամբարյանը, մինդեռ պետական ռեգիստրի գրանցման վկայականով հիմնավորվում է, որ 2008-ից ընկերության տնօրենի փոփոխություն է եղել, և պայմանագրի կնքման պահին ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահան Մխիթարյանը:

Վանաձորի դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը նշված անօրինական փաստաթուղթը հիմք ընդունելով` բավարարել էր քաղաքապետ Դարբինյանի պահանջը` այգու վարձակալման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին, իսկ Վահան Մխիթարյանի հայցը, նույն գործի շրջանակում, մերժել: Վերջինս կայացված վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Քաղաքապետի կողմից նույնիսկ վերաքննիչ բողոքի պատասխան չէր ներկայացվել: Սույն թվականի մայիսի 17-ի որոշմամբ` վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը` հաստատելով, որ դատավոր Նաիրա Ավետիսյանն առոչինչ, անվավեր գործարքներ է լուծել այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում օրենքով սահմանված` վավերության պարտադիր պահանջներին: Գործը հետ է ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

«Հետքը» Վանաձորի քաղաքապետարանից տեղեկատվություն է խնդրել նաև վերևում նշված հանգստի ու ժամանցի գոտիների վերաբերյալ, մասնավորապես` վարձակալության ու ենթավարձակալության վերաբերյալ որշումների ու պայմանագրերի պատճենները,  ավագանու որոշումները, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին փաստաթղթեր:  Հետաքրքրվում  էինք նաև` նշված գոտիների վերաբերյալ արձանագրվե՞լ են գնորդի կամ վարձակալի պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանագիրը խզելու, պայմանագրի վավերապայմանները փոփոխելու կամ դատական գործընթացներ ծավալելու դեպքեր: Նշված բովանդակությամբ մի քանի գրավոր հարցումներ ենք ուղղել, որոնցից մեկն էլ քաղաքապետարանում մուտքագրվել է 15.08.2012-ին, բայց մինչ օրս քաղաքապետարանի կողմից որևէ պատասխան չի ստացվել: Ի դեպ, գրավոր հարցումներում մեջբերված է նաև ՏԱ մասին օրենքի դրույթը, որ տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում գրավոր տեղյակ պահվի մերժման հիմքի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter