Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Կարիերայում երրորդ անգամ ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց։ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում մեր ծանրորդը երկամարտի 415 կգ արդյունք գրանցեց։
Պոկում վարժությունը Գարիկ Կարապետյանը սկսեց 183 կգ-ից և հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցման համար պատվիրված 189 կգ երկրորդ փորձից պոկեց՝ վարժությունն ավարտելով երրորդ հորիզոնականում։
Հրում վարժությունը ևս Կարապետյանը հաջող սկսեց՝ բարձրացնելով 215 և 226 կգ։ Այս արդյունքով նա արդեն ապահովել էր չեմպիոնությունը, բայց 231 կգ ևս մոտեցավ, որը, սակայն, հրել չկարողացավ։ Վարժության փոքր ոսկին ևս նրանն էր։
Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 2023 և 2025 թվականներին։
Այս քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց՝ 183 կգ արդյունքով չորրորդ հորիզոնականը զբաղեցնելով։
Հրում վարժությունում ևս Մարտիրոսյանը մեկ անգամ կարողացավ ծանրաձողը գլխավերևում պահել։ 215 կգ արդյունքով նա 6-րդ տեղը զբաղեցրեց թե՛ վարժությունում, թե՛ երկամարտում։
Ընթացիկ առաջնությունում սա մեր երկրորդ ոսկե մեդալն էր։ Երեկ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Էմմա Պողոսյանը։ Մեր ծանրորդները ևս 4 արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել։
Մեր ծանրորդների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վաղը մրցումային վերջին օրն է, պայքարի մեջ կմտնեն գերծանր կանայք և տղամարդիկ։ Հայաստանը մեկական մասնակից ունի՝ Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել