Վարչապետը մասնակցել է ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից:
«Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սահմանապահի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ «Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից: Հաջորդ կարևոր նորությունը, որ ունենք արդեն երկու տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը: Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է»,–ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի այդ 12 կիլոմետրը միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահուսակների մեջ դրած։
Երկրի ղեկավարի խոսքով՝ սա տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ «Եվ սա մեզ ստիպում է նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։
Մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում, իհարկե, կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը վրաց գործընկերների հետ։ Այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք և սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խաղաղության հետ զուգահեռ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն խորհրդանիշներից է սահմանապահը և Կառավարության ցանկությունն է, որ բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում։ «Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակն իր ծառայության մեծ մասն անցկացնում է խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն: Իհարկե, հիմա նաև սահմաններին ամրաշինական, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումն այն է, որ X պահի նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերն այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, «դեպի ուր մենք, իհարկե, ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում»:
Վարչապետը նշել է, որ մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում, և այդ փոփոխությունները միանշանակ դրական են: «Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն, որովհետև սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է, միևնույն ժամանակ՝ ինքնիշխանության, անկախության, անվտանգության։ Այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա: Այս վստահության բերումով է, որ պետությունը, Կառավարությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը միաժամանակ հավելել է, որ Կառավարությունն առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովի սահմանապահ զորքերի համար: Մյուս կողմից, վարչապետի դիտարկմամբ, սա նշանակում է, որ Կառավարությունը գնալով պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալի սահմանապահ զորքերից, որովհետև խաղաղությունը նաև պատասխանատվություն է: «Չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողներն այն մարդիկ են, ովքեր առաջինն են դիմավորում Հայաստան եկած օտարերկրացիներին և պակաս կարևոր չէ՝ դիմավորում են նաև արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին: Այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք և գնահատենք, որովհետև այս կոնտակտը շատ կարևոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել և՛ օտարերկրացիների, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության, ինքնիշխանության և պաշտպանվածության վերաբերյալ: Հիմա, իհարկե, այդ խնդիրն առաջադրել ենք և հաջողությամբ իրականացնում ենք»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման շարունակական ծրագրեր: Գործում է կամավոր ատեստավորման համակարգը, որն օգնում է նաև սոցիալական երաշխիքի ավելի բարձր մակարդակից օգտվել:
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է նաև, որ սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում: «Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանապահի օրվա առիթով: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր պետք է հպարտանան իրենց պետությամբ, ովքեր պետք է սիրեն իրենց պետությունը: Բայց շատ կարևոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությանը, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը և սերն իրենց նկատմամբ: Իհարկե, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը և սերն իրենց նկատմամբ:
Ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքն ամփոփել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:
ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել