HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

News.am-ի գործով վկան այդպես էլ չհարցաքննվեց

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը ամբողջությամբ ընթերցեց հայցապահանջը, որում հիմնականում ասվում էր, որ news.am-ի 2010 թ. նոյեմբերի 23-ի «Սրտի արատով հիվանդին արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով news.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել է վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ` էժանագին սարք տեղադրելու մեջ, զրպարտում է հայցվորին:

Մ.Ասրյանը պնդում էր այն, որ հոդվածի վերնագիրը և հոդվածի բովանդակությունը իրար չեն համապատասխանում՝ պատճառաբանելով, որ հոդվածի մեջ որևէ կերպ չի ասվում, որ Հովհաննես Կաթրջյանին «ֆռռացրել» են: Ըստ Մ.Ասրյանի՝ դա լրագրողի կողմից գնահատողական դատողության չարաշահում է՝ հիմնված ոչ ստույգ փաստերի վրա:

Սակայն իր ելույթում պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ իրենք այն կարծիքին են, որ վերնագիրն անմիջական կապ ունի հոդվածի հետ:

Ա.Կիվիրյանը նաև դատարանին ներկայացրեց, որ իրենք առարկում են հայապահանջի դեմ, քանի որ այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետների խախտմամբ. նյութը հրապարակվել է նոյեմբեր ամսին, սակայն հայց է ներկայացվել փետրվարին:

Մուրադ Ասրյանը նաև պահանջ է ներկայացրել դատարանին փաստաբանական ծախսերի համար, որի գումարը կազմում է երկու հարյուր հազար դրամ: Ա.Կիվիրյանն էլ դատարանին խնդրեց, որպեսզի դատրանը հաշվի առնի «Մեդիա Կոնսալթ» ՍՊԸ-ի և «Արես» փաստաբանական գրասենյակի միջև կնքված պայմանագիրը դատական ծախսերի վերաբերյալ:

Կողմերը դեռ շարունակում էին իրենց պնդումները` չնայած աշխատանքային ժամն արդեն անցել էր, ինչի պատճառով էլ հնարավոր չեղավ լսել վկա Հովհաննես Կաթրջյանին, որը դատական նիստի սկզբից, վատառողջ լինելով, սպասում էր, թե իրեն դատարանը երբ է լսելու:

Նիստը հետագձվեց մինչև հոկտեմբերի 9-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter