Հայաստանում համայնքների խոշորացման նոր փուլ է նախատեսվում. համայնքների թիվը կդառնա 64
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձեւավորել նոր համայնքային միավորումներ, իրականացնել համայնքների խոշորացում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ձեւավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ 20 բնակավայրերով:
Սյունիքի մարզում առաջարկվում է միավորել Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ձեւավորելով Գորիս խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով: Վայոց ձորի մարզում նախատեսվում է միավորել Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ իրենց 32 բնակավայրերով եւ ձեւավորել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք:
Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 3 նոր համայնք:
Խոշորացման այդ փուլի արդյունքում Հայաստանում կլինի 64 համայնք: Չխոշորացված կմնան Երեւանը, Գյումրին եւ ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է համայնքներում, կազմակերպվել են քննարկումներ համայնքների ղեկավարների եւ ավագանիների մասնակցությամբ:
Զեկուցողը նշել է, որ առաջարկվում է լրացում կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որը վերաբերում է ընտրությունների նշանակման հարցին: «Լրացումը կատարում ենք, որպեսզի կարողանանք համայնքների ավագանիների՝ մինչեւ լիազորությունների դադարումը մարզպետների կողմից նշանակվեն համապատասխան ընտրություններ»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը: Այդ համայնքներում նախատեսվում է ընտրություններն անցկացնել 2026 թվականի աշնանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:
լուսանկարում՝ Առնակ Ավետիսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել