Փոփոխություններ՝ ԲՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում. ընդլայնվում է շահառուների շրջանակը
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից: Օրենքի ընդունմամբ Կառավարությունը նախատեսում էր, որ պետական աջակցությունը տրվելու է միգրանտներ ներգրավված ընկերություններին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ օրենքի ընդունման ժամանակ քննարկում է ծավալվել այն մասին՝ աջակցությունը տրվելու է ընկերությա՞նը, թե՞ միգրանտներին: Բանավեճի արդյունքում որոշում է կայացվել, որ օրենքի գործունեության առաջին տարում աջակցությունը պետք է ստանա ընկերությունը, իսկ հաջորդ տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ միգրանտները:
«Փորձը ցույց է տվել, որ միգրանտների կողմից աջակցություն ստանալը տեխնիկական առումով անիրագործելի է»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ իր հեղինակած նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել կարգավորումը՝ նախատեսելով, որ աջակցությունը կստանա միգրանտը, սակայն ընկերությունների միջոցով:
Օրենքի համաձայն՝ աջակցությունից կարող են օգտվել միայն ռեզիդենտ ընկերություները: Զեկուցողը փաստել է, որ իրենց դիմել են ընկերություններ, որոնք 20 տարուց ավելի Հայաստանում գործունեություն են ծավալում, հարկեր են վճարում, սակայն, ռեզիդենտ չլինելով, չեն օգտում արտոնությունից: Այս մասով եւս փոփոխություն է կատարվում եւ վերոնշյալ ընկերությունները նախաձեռնության ընդունումից հետո կկարողանան օգտվել պետական աջակցությունից:
Գիտահետազոտական աշխատանքներ կատարած ընկերությունների մասով կարգավորումը եւս փոխվում է: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ այդ ընկերություններին տրամադրվելիք աջակցության չափը որոշվում է իրենց վճարած եկամտային հարկի չափով եւ քանի որ իրենց եկամտային հարկի դրույքաչափն ավելի ցածր է՝ 10 տոկոս, իրենք ավելի քիչ աջակցություն են ստանում: Նախաձեռնությամբ առաջարկվում է այդ ընկերությունների մասով 60 տոկոս աջակցության չափը հաշվել ոչ թե եկամտային հարկի նկատմամբ, այլ աշխատավարձային ֆոնդի 20 տոկոսի նկատմամբ:
Փաթեթում կատարվել են նաեւ այլ փոփոխություններ , որոնց անդրադարձել է Կառավարության ներկայացուցիչը:
««Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի դրա առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
լուսանկարում՝ Բաբկեն Թունյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել