HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազներն ընդհատել են վերապատրաստման դասընթացները Բուդապեշտում

Գլխավոր դատախազությունը ետ է կանչել Բուդապեշտում վերապատրաստման դասընթացների մասնակցող ՀՀ դատախազության աշխատակիցներին:

Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում տեղի ունեցող «Թիվ 87 դասընթաց»  ծրագրին մասնակցելու նպատակով դեռևս օգոստոսի 18-ին Բուդապեշտ են մեկնել դատախազության 3 աշխատակիցներ, ովքեր մինչև հոկտեմբերի 11-ը պետք է ուսումնառություն անցնեին նշված ակադեմիայում: Սակայն գլխավոր դատախազի հրամանով ընդհատվել է   դատախազների մասնակցությունը նշված ծրագրին, և սեպտեմբերի 4-ին նրանք կվերադառնան Երևան:

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության արտոնմամբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թ. փետրվարի 19-ին ձերբակալված և 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, որին անմիջապես հաջորդել է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին  ներում շնորհելը, ոչ միայն առաջացրել է վրդովմունք և ցասում, այլ նաև` մտահոգություն՝ դասընթացներին հայազգի մասնակիցների անվտանգության համար:

Էթնիկ հողի վրա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ Բուդապեշտում դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ձևավորում է այսօրինակ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտ, ստեղծում  պարարտ հող` դրանց կրկնության համար: Նման պայմաններում ՀՀ դատախազությունն անհնարին է համարում իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին:

ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մասին գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Դատախազության աշխատողները եվրոպայից այն օրենքներն են սովորելու որով նրանք կեղծ պատճառաբանությամբ մտան Իրաք, թե՞ այն օրենքները ըստ որի իրենք իրենց ավանակի տեղ դնելով ավելի մեծ հմտությամբ կացնահարողներից կաշառք վերցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter