HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Արտաքին հետախուզության ծառայությունում

ԱԺ պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում եւ բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները եւ ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը:

Ծառայության պետի տեղեկացմամբ նախագծի նպատակն է օրենքով հստակ կարգավորել ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները, բացառել օրենքի տարբեր հոդվածների միջեւ առկա տարընկալումը եւ ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն ու իրավական որոշակիություն:

ԱՀԾ ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում  առաջարկվում է ավելացնել նաեւ հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաեւ՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաեւ ծառայության տղամարդ ծառայողներին: Միաժամանակ, հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը եւ Արտաքին հետախուզության ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները՝ առաջարկվում է ծառայողին հատկացնել 15-25, եւ 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց  լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատեւ ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ  պայմանավորված:

Նախատեսվում է հստակեցնել ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից զենքի եւ հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը սահմանելու մասին: Միաժամանակ, ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է եւ համահունչ է հետեւյալ իրավական ակտերին: Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել  փաթեթին:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

լուսանկարում՝ Քրիստիննե Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter