«Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են»․ ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում: Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաեւ հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը:
Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլեւս անելիքներ չունենք: Մենք պետք է միասին շարունակենք ձեւավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:
Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել