HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ովքեր են պարտք տալիս Հայաստանի Հանրապետությանը. մաս 2

Հայաստանի կառավարությունն այս պահին (2026թ. մարտի վերջի դրությամբ) շուրջ 6.7 մլրդ դոլար արտաքին պարտք ունի։ Այն գոյացել է մեծ մասամբ միջազգային կազմակերպություններից, պետություններից տարիների ընթացքում վերցրած վարկերից, ինչպես նաև՝ եվրոբոնդերի (եվրապարտատոմսերի) թողարկումից։ Պարտքի մի փոքր մասն էլ ոչ ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են։

Բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև 7.4 մլրդ դոլարի ներքին պարտք։ Նախորդ վերլուծությամբ պարզել ենք, որ ներքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը պարտք են տալիս հիմնականում բանկերը, փոքր չէ նաև կենսաթոշակային ֆոնդերից վերցրած պարտքը։ Պետությունը թողարկում է պարտատոմսեր, նշված կառույցները գնում են այդ արժեթղթերը։ Փոխարենը պետությունը խոստանում է պայմանավորված ժամկետում վերադարձնել գումարը և վճարել տոկոսները։

Այսպիսով, Կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին  14.1 մլրդ դոլար է, ևս 0.5 մլրդ դոլար Կենտրոնական բանկի պարտքն է, 8 միլիոն դոլարի պարտք էլ համայնքներն ունեն։ Միասին պարտքը կազմում է 14.6 մլրդ դոլար։

Այս հոդվածում կներկայացնենք, թե ովքեր են Հայաստանի պարտատերերը արտաքին պարտքի գծով։ 

Հայաստանը 4.5 մլրդ դոլարի վարկ ունի. ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է 

Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին վարկերի ծավալը կազմել է 4 մլրդ 482 մլն դոլար։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը, որը և զբաղվում է պետական պարտքի կառավարմամբ։ 

Պետության վարկերը գործում են նույն տրամաբանությամբ, ինչ քաղաքացիների անձնական վարկերը։ Պետությունը վերցնում է գումարը վարկատուներից որոշակի տոկոսադրույքով և որոշակի ժամկետով։ Ընթացքում մարում է տոկոսագումարներն ու մայր գումարները։ Հին վարկերը մարելուն զուգահեռ նոր վարկեր է վերցնում։ Տարիների ընթացքում պետությունը ավելի շատ վերցրել է, քան մարել, ինչի արդյունքում արտաքին վարկերի ծավալը մեծացել է։ 

Պետությունն այդ վարկերը վերցնում է ենթակառուցվածքային հիմնական ծրագրերի համար։ 

Այս տարվա մարտի վերջի դրությամբ եղած 4.5 մլրդ դոլար վարկի 36.6%-ի վարկատուն Համաշխարհային բանկն է (ՀԲ)։ ՀԲ-ի կազմում գտնվող երկու կառույցներից մեկին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD) բաժին է ընկնում Հայաստանի կառավարության արտաքին վարկերի 23.5%-ը, մյուս կառույցին՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA)՝ 13.1%-ը։ 

Տարիներ շարունակ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանի խոշորագույն վարկատուն։ 

Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է (ADB)՝ 23% տեսակարար կշռով։ 

Հաջորդում են Ֆրանսիան, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը և Գերմանիան (Վերականգնման վարկերի բանկ-KfW)։ 

Ստորև ինֆոգրաֆիկայում Հայաստանի արտաքին վարկերի կազմում վարկատուների տեսակարար կշիռներն են։ 

Ինչպես երևում է, բացի նշված խոշոր վարկատուներից` Հայաստանը վարկեր է վերցրել նաև Ռուսաստանից, Ճապոնիայից, Եվրամիությունից և այլն։

Եվրապարտատոմսերի գծով արտաքին պարտքը 1.4 մլրդ դոլար է

Մեկ տարի առաջ՝ 2025թ. մարտի 12-ին, Հայաստանը 750 մլն դոլարի նոր պարտք ներգրավեց՝ թողարկելով եվրապարտատոմսեր (Eurobond)։ 

Եվրապարտատոմսերը պարտք վերցնելու գործիքներից մեկն են։ Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել։

Եթե շատ կարճ՝ նախկինում վերցրած պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացրել դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցրել։ Ընդ որում՝ մի կողմից պետությունը փակել է ավելի ցածր տոկոսադրույքով պարտքը, մյուս կողմից՝ վերցրել է ավելի բարձր տոկոսադրույքով պարտք։  

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ  թողարկված եվրապարտատոմսերը ձեռք են բերել հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ոչ մեծ մասը՝ ԵՄ  և այլ երկրներից։ 

Հայաստանն առաջին անգամ չէ դիմել եվրապարտատոմսերի օգնությանը։

Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության 6.7 մլրդ դոլարի արտաքին պարտքից 1.4 մլրդ դոլարը եվրապարտատոմսերն են (ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր): 

Եվս 0.6 մլրդ դոլարի արտարժութային պետական պարտատոմսեր ձեռք են բերել ռեզիդենտները, սակայն քանի որ խոսքը ռեզիդենտների մասին է, հետևաբար դա հաշվարկվել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի մեջ։

Ամեն դեպքում, միասին արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը այս մարտի վերջի դրությամբ 2 մլրդ դոլար է կազմում։ Դրանք պետությունը պետք է հետ գնի 2029, 2031 և 2035 թվականներին.

  • 500 մլն ԱՄՆ դոլարը` 2029 թվականին մարման ենթակա 
  • 750 մլն ԱՄՆ դոլարը` 2031 թվականին մարման ենթակա
  • 750 մլն ԱՄՆ դոլարը` 2035 թվականին մարման ենթակա

Հիշեցնենք, որ բացի մայր գումարներից, պետությունը ընթացքում նաև տոկոսավճարներ է վճարում։ 

Արտաքին պարտքի մյուս՝ ավելի փոքր հատվածը՝ 0.8 մլրդ դոլարը, ոչ ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են։ Ի տարբերություն եվրապարտատոմսերի՝ դրանք ՀՀ դրամով են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter