HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյան 106/1-ի ապօրինությունների գործի քննությունը ուղարկվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին

Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագշին» կազմակերպության իրականացրած ապօրինությունների վերաբերյալ մայիսի 17-ին «Ժառանգություն» կուսակցության` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին ուղարկված հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան` հունիսի 1-ին ստացվել է ՀՀ դատախազության պաշտոնական գրությունը: 

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գ.Ա.Խաչիկյանը մայիսի 27-ի իր գրության մեջ խմբակցությանը տեղեկացրել է, որ «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս.Սաֆարյանի հաղորդումը` «Ավագշին» կազմակերպության կողմից ապօրինի շինարարություն եւ ծառահատում կատարելու մասին» ուղարկվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս.Ա.Մարտիրոսյանին` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով դիմումում արծարծված հանգամանքները ստուգելու նպատակով»: 

Հիշեցնենք, որ խմբակցությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ, որոնց արձանագրել էին «Ժառանգության» պատգամավորները ՀՀ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարների հետ նշված բակային տարածք ստուգայց կատարելուց հետո:

Ստուգայցից օրեր անց. պատգամավոր Անահիտ Բախշյանն այցելել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն, ծանոթացել քաղաքապետարանի հետ «Ավագշին» կազմակերպության համաձայնեցրած քանդման աշխատանքների նախագծին եւ հայտնաբերել կառուցապատողի կողմից անթույլատրելի ինքնագործունեություն:

Առաջիկա օրերին «Ժառանգությունը» Ոստիկանության Կենտրոնական բաժանմունք կուղարկի նաեւ իր ձեռքի տակ եղած մյուս փաստաթղթերը, որոնք վկայում են կառուցապատողի լուրջ օրինախախտումների մասին:

Հունիսի 1-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը բնակիչների խնդրանքով այցելել էին նաեւ Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 19, 23, 25, Հյուսիսային Պողոտա 6 շենքերով պարփակված տարածք` Պուշկինի 38 հասցե, որտեղ Նալբանդյան 106/1 հասցեի համանմանությամբ մեկ այլ շինարարական կազմակերպություն` «Լոքըլ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, շենքերի ներբակային տարածքում կանաչ գոտու ոչնչացմամբ իրականացնում է բարձրահարկ շենքի շինարարություն:

Խմբակցությունը պատրաստվում է զորակցել երկու տարածքների բնակիչներին` դատական ու պետական ատյաններում նման անթույլատրելի քաղաքաշինական ծրագրերի վիճարկման հարցում:        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter