HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մակրոնի հայտարարությունն անհիմն է. ֆրանսիացի պետական այրերը 1996-ից այցելում են Հայաստան, մյուս եվրոպացի ղեկավարները՝ նույնպես

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Երեւանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, հայտարարել է. «Եկեք ազնիվ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես դե ֆակտո Ռուսաստանի արբանյակ»:

2017-ից Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մակրոնի հայտարարությունը հիմնազուրկ է թեկուզ միայն իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը Հայաստան կատարած այցերի առումով:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի համաձայն՝ 1996-ից Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Հայաստան:

Այսպես՝ 1996-ի հունիսին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Ռընե Մոնորին (René Monory): Դրանից 4 ամիս անց՝ հոկտեմբերին, մեր երկիր է այցելել Ֆրանսիայի արտգործնախարար Էրվե դե Շարեթը (Hervé de Charette): 1997-ի ապրիլին դե Շարեթը կրկին այցելել է Հայաստան: Այս այցերը եղել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին:

Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 1999-ի հուլիսին, Հայաստան է այցելել ֆրանսիական Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն (Christian Poncelet): 2006-ի սեպտեմբերին առաջին անգամ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահը, տվյալ դեպքում՝ Ժակ Շիրակը (Jacques Chirac):

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ 2011-ի հոկտեմբերին, Հայաստան է ժամանել Շիրակին հաջորդած նախագահը՝ Նիկոլա Սարկոզին (Nicolas Sarközy): Վերջինիս հաջորդը՝ Ֆրանսուա Օլանդը (François Hollande), երկու անգամ է այցելել Հայաստան՝ 2014-ի մայիսին ու 2015-ի ապրիլին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու):  

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2018-ի մայիսից մինչ օրս, ֆրանսիացի պետական այրերի այցերը Հայաստան հաճախակիացել են (մեր երկիր են այցելել Ֆրանսիայի նախագահը, Սենատի ու Ազգային ժողովի նախագահները, արտաքին գործերի ու Եվրոպայի հարցերի նախարարը, զինված ուժերի նախարարը եւ այլն), սակայն դա որեւէ կերպ չի հիմնավորում Էմանուել Մակրոնի՝ «8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա» հայտարարությունը:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Հայաստանում մինչեւ 2018-ի իշխանափոխությունը 

Եթե անդրադառնանք եվրոպական մյուս երկրներին, ապա նրանցից որոշների բարձրաստիճան պաշտոնյաները եւս նախկինում այցելել են Հայաստան: Ներկայացնենք եվրոպական երկրների նախագահներին, խորհրդարանների նախագահներին, վարչապետներին ու փոխվարչապետներին, որոնք, ըստ ՀՀ ԱԳՆ կայքի, եղել են մեր երկրում մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը: Եղել են ԱԳ նախարարների բազմաթիվ այցեր, բայց դրանց չենք անդրադառնա (այդ եւ այլ պաշտոնյաների այցերի կարող եք ծանոթանալ ստորեւ՝ երկրների հղումներով), չենք ներկայացնի նաեւ Եվրոպական քաղաքական համայնքի մաս չկազմող Բելառուսի ու Ռուսաստանի ղեկավարների այցերը:

Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշեր (2012)
Բուլղարիայի նախագահներ Պետար Ստոյանով (1999 թ.), Գեորգի Պրվանով (2004), Ռումեն Ռադեւ (2018), ԱԺ նախագահ Գեորգի Պիրինսկի (2006), վարչապետներ Սերգեյ Ստանիշեւ (2007), Բոյկո Բորիսով (2012)
Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դը Կրոո (2005), Սենատի նախագահներ Անն-Մարի Լիզին (2005), Արման դե Դեկեր (2009), փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերս (2015)
Գերմանիայի փոխկանցլեր եւ ԱԳ դաշնային նախարար Կլաուս Կինկել (1995), Յոշկա Ֆիշեր (2004), Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր (2007), Գիդո Վեստերվելե (2012), Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթ (2013)
Էստոնիայի խորհրդարանի նախագահ Տոոմաս Սավի (1997), նախագահ Արնոլդ Ռյույտել (2004)
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլ (2008)
Լատվիայի Սեյմասի նախագահ Ինգրիդա Ուդրեյ (2005), նախագահներ Վայրա Վիկե-Ֆրայբերգա (2005), Վալդիս Զատլերս (2009)
Լեհաստանի նախագահներ Ալեքսանդր Կվաշնեւսկի (2001), Բրոնիսլավ Կոմորովսկի (2011), Սենատի նախագահներ Լոնգին Պաստուշյակ (2002), Բոգդան Բորուսեւիչ (2006), վարչապետ Դոնալդ Տուսկ (2010)
Լիտվայի նախագահներ Ռոլանդաս Պակսաս (2003), Վալդաս Ադամկուս (2006), Դալիա Գրիբաուսկայտե (2011), խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկաս (2005)
Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորն (2012)
Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչ (2009), խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչ (2011)
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահներ Սպիրոս Կիպրիանու (2001), Դիմիտրիս Խրիստոֆիաս (2004), Մարիոս Գարոյան (2008), Յանակիս Օմիրու (2014, 2015), նախագահներ Դիմիտրիս Խրիստոֆիաս (2009), Նիկոս Անաստասիադիս (2015)
Հունաստանի նախագահներ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս (1999), Կարոլոս Պապուլիաս (2007, 2014), խորհրդարանի նախագահներ Էվանգելոս Մեյմարակիս (2014), Զոի Կոնստանտոպուլու (2015)
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովեր (2011)
Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկե (2012), Նատալիա Գերման (2013), Անդրեյ Գալբուր (2016), նախագահ Իգոր Դոդոն (2017)
Մոնտենեգրոյի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչ (2013)
Նիդերլանդների փոխվարչապետ, ֆինանսների նախարար Գերիտ Զալմ (2001, 2005, 2006), Սենատի նախագահ Անկի Բրուսերս-Քնել (2017)
Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմո (2005)
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերսզեգի-Օբրիստ (2007), նախագահներ Միշելին Կալմի-Ռեյ (2011), Դիդիե Բուրկհալտեր (2014)
Չեխիայի Սենատի նախագահներ Պրշեմիսլ Սոբոտկա (2008), Միլան Շտյեխ (2017), առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգ (2008, 2013), վարչապետ Յան Ֆիշեր (2010), փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակ (2010), Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկ (2015), նախագահ Միլոշ Զեման (2016)
Պորտուգալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժայմե Գամա (2001, 2002)
Ռումինիայի նախագահներ Իոն Իլիեսկու (1996, 2001), Էմիլ Կոստանտինեսկու (1998), Տրայան Բասեսկու (2006), Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեա (2013)
Սերբիայի նախագահներ Բորիս Տադիչ (2009), Տոմիսլավ Նիկոլիչ (2014, 2015), առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչ (2015)
Սլովակիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակ (2010, 2013), Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկո (2016)
Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկ (2010)
Վրաստանի խորհրդարանի նախագահներ Էդուարդ Շեւարդնաձե (1993), Դավիթ Ուսուպաշվիլի (2015), նախագահներ Էդուարդ Շեւարդնաձե (1997, 1999, 2001), Միխեիլ Սաակաշվիլի (2004, 2005, 2006, 2007, 2009, 2011, 2012), Գիորգի Մարգվելաշվիլի (2014), վարչապետներ Զուրաբ Նողաիդելի (2005, 2007), Վլադիմեր Գուրգենիձե (2008), Նիկոլոզ Գիլաուրի (2010, 2011), Բիձինա Իվանիշվիլի (2013), Իրակլի Ղարիբաշվիլի (2014), Գիորգի Կվիրիկաշվիլի (2016, 2018), փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի (2014), փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձե (2017)
Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմա (1996, 2002)
Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնեն (2005)

Եվրոպական երկրների բարձրաստիճան ղեկավարության՝ մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը Հայաստան կատարած այցերի այս ցանկը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա» հայտարարությունն անհիմն է: 

Լուսանկարում՝ ձախից աջ, վերեւի շարքում. Շիրակ, Սարկոզի, Օլանդ, ներքեւի շարքում՝ Մոնորի, դե Շարեթ, Պոնսլե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter