HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». հայի հետին խելքը

Եվ այսպես, հերթական անգամ տեղի ունեցավ այն, ինչը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության բացահայտ անգործության պայմաններում սպասելի էր. Ռ. Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան, արժանացավ ներման, ստացավ նոր զինվորական աստիճան, բնակարան և դրամական պարգևատրում: Ամեն ինչ զարգանում է ստահակի հերոսացման թուրքական ժանրով:

Հիմա հայկական կողմի զգացմունքային դրսևորումները, բողոքի էպատաժային ակցիաները ամենևին իզուր են, Հունգարիայի ընդունած որոշումը միայն խոշոր կաշառքով բացատրելը նույնպես անիմաստ է: Ըստ երևույթին, Բուդապեշտում շատ որոշակի հետևությունների են հանգել այն իրողությունից, որ մի ամբողջ տարի ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցությունների պարագայում (ինչպես պնդում է Ալիևի աշխատակազմի պատասխանատուներից Ն. Մամեդովը) հայկական կողմը, մեղմ ասած, էշի ականջում քնած էր:

Մինչդեռ Հունգարիան ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Եվրամիության անդամ պետություն է և ամենևին առաջին ջութակը չէ այս կառույցներում, ոչ էլ նույնիսկ տասներորդը: Հայաստանը Բուդապեշտի իրական մտադրություններին տեղյակ լինելու դեպքում կարող էր վերոնշյալ կառույցների միջոցով ճնշում գործադրել և կանխել Ադրբեջանի հետ այս գռեհիկ գործարքը: Բայց դա էլ ակնհայտորեն չի արվել:

Ավելին՝ հայկական դիրքորոշման և քայլերի մեջ այժմ էլ նկատելի չեն մշակված քաղաքական մարտավարության տարրեր, ամեն ինչ արվում է բավական հախուռն, կատարված փաստի առջև հայտնվելու անզորությունից ելնելով:

Մինչդեռ տարածաշրջանում շահեր ունեցող խոշոր խաղացողների պահվածքը շատ ուշագրավ է: ԱՄՆ-ի խիստ արագ և օպերատիվ արձագանքը կատարվածին՝ ընդհուպ Հունգարիայից բացատրություն պահանջելը, ցույց է տալիս, որ Վաշինգտոնում մտահոգված են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերից ամենևին չբխող լարվածության բռնկումից և փորձում են արագ հսկողության տակ վերցնել իրավիճակը: Ընդ որում ուշագրավ է, որ Վաշինգտոնը իր դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ պետության դիրքերից՝ դրանով կարծես հրավիրելով Մոսկվային ու Փարիզին նույնպես մասնակից լինել: Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունը նույնպես ուշագրավ է. թերևս փորձ է արվում ճշգրտել հնարավոր արձագանքի հետևանքները, բայց այդ լռությունը երկար տևել չի կարող:

Եթե Ֆրանսիան և Ռուսաստանը շարունակեն հապաղել Բաքվի քայլը դատապարտելու հարցում, ԱՄՆ-ը գործնականում կդառնա առաջատար միջնորդ Մինսկի խմբի շրջանակներում՝ իր ձեռքը վերցնելով հակամարտության կողմերին զսպողի առաքելությունը: Թեպետ Մոսկվայի լռության պարագայում թերևս առկա է նաև Հայաստանին «տեղը դնելու» ցանկություն: Այսինքն՝ չե՞ք ուզում լսել Եվրասիական միության մասին և նախընտրում եք եվրաինտեգրացիա՞ն, թող ձեր եվրոպական «դաշնակիցներն» էլ հիմա ձեզ աջակցեն, իսկ մենք կողքից կնայենք և հաճույք կստանանք: Միայն թե այդպիսի «ռազմավարությունը» թուլացնելու է Մոսկվայի արդեն իսկ ոչ այնքան ամուր դիրքերը Հայաստանում և չի ամրապնդելու դրանք Ադրբեջանում, որովհետև Բաքուն արդեն շատ ամուր թելերով է կապված Արևմուտքին՝ դեպի Ռուսաստան կտրուկ շրջադարձ կատարելու համար:

Միաժամանակ Սաֆարովի առնչությամբ Ադրբեջանի նախանձելի հետևողականությունը ցույց է տալիս, որ ստահակը բազմակի օգտագործման առարկա է Բաքվի հակահայկական քարոզչական ռազմավարության մեջ: Արդեն 2004-ին պարզ էր, որ քնած հայ սպայի վախկոտաբար սպանությունը «ազգային վրիժառուի» կերպար ստեղծելու նպատակ է հետապնդում:

Հասնելով Սաֆարովի էքստրադիցիային՝ Բաքուն շարունակում է սրան «հորոսացնել», և պատահական չէ, որ դա տեղի է ունենում Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին: Արաբական «հեղափոխություններից» իրականում անհանգստացած Ալիևի կլանը փորձում է ամենևին էլ ոչ բարվոք կյանքով ապրող բնակչությանը ցույց տալ, որ երկրի նավթային պաշարների շահագործումը միայն իշխող կլանին չի հարստացնում, այլ ծառայում է «ազգային նպատակներին», ասենք՝ Սաֆարովի նման ստահակներին բանտից դուրս քաշելուն: Մանավանդ որ ստահակը պատրաստակամորեն խաղում է իրեն վերապահված դերը:

Սաֆարովի մասին «հայրենասիրական» սերիալը սրանով դժվար թե ավարտվի: Նախընտրական գործընթացներում անհրաժեշտ չափով օգտագործվելուց հետո մարդասպանը աստիճանաբար կարող է վերածվել расходный материал-ի: Ի վերջո, գոնե արտաքուստ եվրոպական բարքերին համարժեք ներկայանալ փորձող որևէ իշխանության համար ամենևին հեղինակաբեր չէ դահճի առկայությունը մերձավոր շրջանակում:

Ըստ այդմ, միանգամայն հավանական է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո Սաֆարովին կսպանեն, ընդ որում՝ աղմկահարույց սցենարով: Դա կարող է լինել մեքենայի պայթեցումից սկսած մինչև փողոցում օրը ցերեկով նշանառուի գնդակից սատկելը: Չի բացառվում, որ դա տեղի ունենա հրապարակային, որևէ միջոցառման ժամանակ, բազմաթիվ վկաների ներկայությամբ:

Եվ ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունները անմիջապես կբացահայտեն սպանության «հայկական հետքը», ու Սաֆարովը, արդեն մեռած, նոր դիվիդենտներ կբերի ադրբեջանական քարոզչությանը որպես «հայկական ահաբեկչության» զոհ: Այլ կարգավիճակում նա հազիվ թե հետագայում պետք լինի Ալիևին: Եվ քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նման բեմադրություններ կազմակերպելու հարուստ փորձ ունի (օրինակ՝ Բաքվի մետրոյի պայթյունը հայերին վերագրելը), արժե, որ Հայաստանի ղեկավարությունը աչքի առաջ ունենա իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունը՝ հայի հետին խելքով դրանց հետևից չվազելու համար:

Վահան Վարդանյան

Մեկնաբանություններ (1)

Գալյա
Պետության և ժողովրդի հանդեպ գործած հանցավոր արարքներով իրենց կենսագրությունը հարստացրած պաշտոնյաները չեն կարող զբաղվել ազգային խնդիրներով։ Ժամանակը նրանց չի հերիքում, գուցե նաև՝ խելքը։ Նրանք հարստանալու մոլուցքով տարված, հանցանքներ են պարտակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter