HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». 18 տարին չլրացած աղջիկներին սեռական շահագործման նպատակով հավաքագրած 23-ամյա երիտասարդը չի ընդունում մեղադրանքը

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ երեկ արդեն երկրորդ դատական նիստն է կայացել 18 տարին չլրացած երկու աղջիկների սեռական շահագործման նպատակով հավաքագրած և ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխած Ռաֆիկ Մարկոսյանի գործով:

Ներկայումս կալանավորված 23-ամյա Ռաֆիկ Մարկոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբաների պալատի անդամ Մարինե Թովմասյանը «Հայացք»-ի հետ զրույցում նշեց, որ դատական գործն այժմ դատաքննության փուլում է, սակայն իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ ըստ դատական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ռաֆիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2011 թ. հուլիս ամսին անչափահասներ՝ 18 տարին չլրացած Աստղիկ Խորենի Գալստյանին և Էլեն Գրիգորյանին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու և ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինե Անդրանիկի Ներսիսյանի հետ:

Ռաֆիկ Մարկոսյանն այնուհետ Աստղիկ Գալստյանի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով հավաքագրել է նրան: Երիտասարդը որպես այդ խոստումների հավաստիք՝ իր հանցակից Քրիստինե Ներսիսյանին Աստղիկ Գալստյանի հարազատների և մտերիմների շրջանում իբրև իր մորաքրոջ աղջիկ է ներկայացրել և դրա միջոցով չարաշահել իր զոհերի վստահությանը:

Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ Մարկոսյանը միաժամանակ ՌԴ Վոլգոգրադ քաղաք տեղափոխելու և իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով փորձել է հավաքագրել նաև Աստղիկ Գալստյանի ընկերուհուն՝ էլեն Գրիգորյանին, սակայն հանցավոր զույգը չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս հրաժարվել է մեկնել ՌԴ:

Հանցավոր մտադրությանն իրագործելու նպատակով Ռաֆիկ Մարկոսյանը, Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2011 թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Աստղիկ Գալստյանին շահագործման նպատակով տեղափոխել է ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը, ապա Աստղիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրան ծեծի ենթարկելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց:

Տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ և 2011 թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը դրել և պահել են շահագործման մեջ՝ պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ:

Այս պահին Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 34-132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter