ԱԺ-ում քննարկվել է տնային կալանքի դեպքում կրթության իրավունքի ապահովման մասին նախագիծը
Մայիսի 5-ի ԱԺ հերթական նիստում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը առաջին ընթերցմամբ զեկուցել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս, հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:
«Գործող կարգավորումներով տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի՝ որոշման մեջ նշված բնակության տարածքը: Ի թիվս այլնի՝ դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ, միաժամանակ, «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է՝ մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Իսկ «Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները սահմանում են, որ կրթության պետական կառավարման՝ լիազորված մարմնի սահմանված կարգով, բացառիկ դեպքերում եւ որոշակի ժամկետով հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել հեռավար կրթությունը:
«Այս համատեքստում, սակայն, հարկ եմ համարում նշել, որ համապատասխան օրենդրական կարգավորումների բացակայության պայմաններում ներկայում հնարավոր չի լինում ապահովել տնային կալանքի տակ գտնվող անձանց՝ կրթության իրավունքի պատշաճ իրացումը»,- ասել է նախարարն ու ներկայացրել նախագծով առաջարկվող կարգավորումները:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը»,- նշվում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել