Սրբուհի Գալյանը ԱԺ-ում ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման կարգի փոփոխության օրենսդրական փաթեթը
Մայիսի 5-ին Ազգային ժողովում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Օրենսդրական փաթեթը միտված է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը: Անդրադառնալով գործող կարգավորումներին՝ նախարարը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների համատեքստում՝ անձը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել միայն այն դեպքում, երբ նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, եւ, միաժամանակ, վարքագիծը ոչ պատշաճ է միայն այն հիմքով, որ նա չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված վնասը:
Այսպես, նախագծի համաձայն՝ դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն տուժողին պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով, եթե դատապարտյալը չունի բռնագանձման ենթակա գույք: Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն:
Նշվել է, որ առաջարկվող կարգավորումը չի փոփոխում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի էությունը: Այն ապահովում է դրա առավել ճկուն, անհատականացված եւ նպատակային կիրառումը՝ համադրելով դատապարտյալի վերասոցիալականացման շահը, տուժողի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը եւ ամրապնդելով վնասի փոխհատուցման կարեւորությունը՝ սոցիալական արդարությունը վերականգնելու պատժի նպատակի իրացվելիության ապահովման տեսանկյունից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Մինասյանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել