HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա Հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ հիշեցնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը։ Մրցաշարի շրջանակում խաղեր կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։

Նախարարն ընդգծել է՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն սպորտային ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանային զբոսաշրջության և ենթակառուցվածքային բարելավումների տեսանկյունից։ Ուստի, աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել սահմանված ժամկետներում և միջազգային չափանիշներին համապատասխան որակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջներին համապատասխանեցման հարցերը։ Նշվել է, որ ըստ գործող կանոնակարգերի՝ մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն մրցաշարից առնվազն վեց ամիս առաջ։

Քննարկվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ճանապարհային հասանելիությանը, լոգիստիկ խնդիրներին, ջրամատակարարմանը, հրդեհային անվտանգության համակարգերին, ինչպես նաև հարակից տարածքների ընդլայնման հնարավորություններին։ Նշվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատասխանատու բոլոր կառույցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում UEFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցման և UEFA-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանեցման նպատակով։

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը կդառնան տարածաշրջանային նշանակության ժամանակակից սպորտային կենտրոններ՝ յուրաքանչյուրը նախատեսված շուրջ 10 հազար հանդիսականի համար։

«ՎենյուԷրա հոլդինգը» (VenueERA) միջազգային կազմակերպությունն իրականացրել է ՈւԵՖԱ 4 կատեգորիայի հայտնի մարզադաշտերի նախագծում և շինարարություն, որոնցից են Բուդապեշտի «Պուշկաշ արենա» ֆուտբոլային մարզադաշտը, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա սպորտս սիթի» մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ արենա» մարզադաշտը»,-նշվում է  հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter