Հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար քրեական պատիժը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ
Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2026թ. ապրիլի 29-ին հրապարակված որոշմամբ սահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի այն նորմը, որով պատիժ է նախատեսվում հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Երկու տարի տևած քննությունից հետո ՍԴ-ն եզրահանգել է, որ քրեականացումը ոչ թե սահմանափակում է հավաքների ազատությունը, այլ պաշտպանում է դրա իրական բովանդակությունը «ֆինանսական մանիպուլյացիաներից»: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դեռևս 2024թ.-ի հունիսի 21-ին էին դիմել Սահմանադրական դատարան՝ «նյութապես շահագրգռելու» նորմի վիճարկման հարցով:
ՍԴ դիմած պատգամավորների համոզմամբ՝ հավաքների ազատությունը կարող է հանգեցնել հանրային շահի կամ այլոց իրավունքների խաթարմանը բացառապես այն դեպքերում, երբ խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված հիմնադրույթները: Վտանգվում են այլոց իրավունքներն ու ազատությունները կամ դրանց պաշտպանությունն ու երաշխավորումը, որը որևէ աղերս չունի հավաքի մասնակցին նյութապես շահագրգռելն արգելելու ենթադրյալ նպատակի հետ: Դիմումատուների կարծիքով, այդպիսի նպատակ որևէ կերպ սահմանված չէ ոչ՛ ներպետական, ոչ՛ միջազգային իրավունքի աղբյուրներով: Ավելին, ըստ պատգամավորների՝ միջազգային փորձը վկայում է, որ հավաքի մասնակցին ձևական առումով նյութապես շահագրգռելը որոշ դեպքերում ոչ միայն տարածված է, այլև կրում է խիստ կանոնակարգված բնույթ:
Նրանց համոզմամբ՝ Քրեական օրենսգրքով արգելվել և քրեական պատասխանատվություն է սահմանվել մի արարքի համար, որը խաղաղ հավաքների ազատությանն առնչվող օրենքով արգելված արարք չէ: Ավելին՝ Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ խաղաղ հավաքների ազատության համատեքստում հավաքին մասնակցությունը գրավիչ դարձնելը, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու եղանակով, բացառելու որևէ նպատակ:
ՍԴ դիմած պատգամավորները պնդել են, որ ցանկացած հավաք ենթադրում է նաև որոշակի շահագրգռվածություն, այդ թվում՝ նյութական: Ավելին, հավաքների ընթացքում հնչող կոչերը, առաջարկները և խոստումները կարող են նաև ունենալ նյութական շահագրգռման իմաստ: Որպես օրինակ նշում են տարբեր հարկեր, տուրքեր, տուգանքներ և վճարներ նվազեցնելու կամ առհասարակ վերացնելու, դրանց մասով համաներում կիրառելու, աշխատավարձ և կենսաթոշակն բարձրացնելու վերաբերյալ կոչերը, որոնք նույնպես պարունակում են վիճարկվող դրույթով նկարագրված արարքի հանցակազմի պարտադիր բաղադրիչները:
Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմամբ՝ «նյութապես շահագրգռել» տերմինը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ հավաքի կազմակերպչի կողմից հավաքին մասնակցելուն նյութապես օժանդակելու վերաբերյալ բոլոր գործողությունները, որոնք, ըստ էության, կազմակերպչական են, կարող են դիտարկվել որպես հանցագործություններ, օրինակ՝ տրանսպորտային ծախսերի հատուցումը կամ փոխհատուցումը, սննդի և այլ կարիքների մասին հոգ տանելը և այլն:
Ազգային ժողովի ներկայացուցիչը նշել է, որ հավաքը անձի իրավունքն է՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտվելու և բացարձակ բնույթ չի կրում, այն կարող է սահմանափակվել որոշ շահերի պաշտպանության նպատակով: Հավաքներին մասնակցելու, արտահայտվելու և կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը չի բխում այդ իրավունքի էությունից, այլ հանդիսանում է ուղղակի միջամտություն անձի սահմանադրական իրավունքին: ԱԺ ներկայացուցչի պնդմամբ՝ անձնական կարծիքը ձևավորվում է անձի ներքին համոզմունքների հիման վրա, և ստիպել անձին մտածել իր համոզմունքներին հակառակ կամ նյութական արժեքի դիմաց հարկադրել արտահայտելու այնպիսի կարծիք, որը չի արտահայտում իր ներքին համոզմունքները, խախտում է անձի սահմանադրական իրավունքը:
Նյութապես շահագրգռելու միջոցով անձանց հավաքին մասնակցելուն հարկադրելը, ըստ Ազգային ժողովի ներկայացուցչի, կասկածի տակ է դնում հավաքի իրական լինելը: Այսինքն՝ եթե անձը մասնակցում է հավաքներին միայն «վարձատրվելու» շահագրգռությամբ, ապա խարխլվում են անձնական համոզմունքներով հավաքներին մասնակցելու և ընդհանրապես հավաքի բնույթն ու գաղափարը: Իսկ քաղաքական խոստումները, այդ թվում՝ քաղաքական գործունեության ընթացքում օրենսդրական փոփոխությունները, բարեփոխումները կամ դրանք իրագործելու մասին խոստումները չպետք է նույնացնել հավաքներին մասնակցելուն անձին նյութապես շահագրգռելու հետ հետ:
ՍԴ եզրահանգումը
Անդրադառնալով օրենքի նորմի սահմանադրականությանը՝ ՍԴ-ն նշել է, որ «նյութապես շահագրգռել» չեն կարող որակվել հավաքի անցկացմամբ հետապնդվող նպատակներից ու արդյունքներից ակնկալվող իրավաչափ նյութական շահը, հավաքի կազմակերպման ու անցկացման ընթացքում կազմակերպչական անհրաժեշտ ծախսերը։ Պատկան մարմինները պարտավոր են «նյութապես շահագրգռել» ձևակերպումը սահմանափակել միայն այնպիսի վարքագծով, որն ազդեցություն ունի անձի կամքի ձևավորման վրա: Դրանով խախտվում է անհատի՝ որոշում կայացնելու ազատ կամարտահայտությունը, մասնակցությունը կամ մասնակցելուց հրաժարվելը, որը վերածվում է «գնված» վարքագծի։
ՍԴ-ի դիտարկմամբ՝ հասարակության սոցիալ-տնտեսական ոչ բավարար զարգացածության պայմաններում դրանք հաճախ բնութագրվում են նյութական կախվածությունների բարձր աստիճանով։ Այդպիսի միջավայրում հասարակության անդամների մի զգալի հատված, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, առավել խոցելի է արտաքին ներգործությունների հանդեպ, ինչը կարող է հանգեցնել նաև նյութական խթանման միջոցով հասարակական և քաղաքական գործընթացներին ներգրավմանը։
«Այս համատեքստում հավաքներին մասնակցելու կամ դրանց մասնակցելուց հրաժարվելու համար նյութապես շահագրգռելը դադարում է լինել «անմեղ» խթանման ձև և վերածվում է ժողովրդավարական ինստիտուտների էության խաթարման գործիքի։ Այն փոխակերպում է հավաքների ազատությունը՝ որպես ինքնավար և ազատ կամարտահայտման ձև, կառավարվող և արհեստականորեն խթանվող «մասնակցության», ինչը փաստացի քայքայում է հրապարակային քննարկման իսկությունը»,-նշված է ՍԴ որոշման մեջ:
Ըստ ՍԴ-ի՝ ժողովրդավարական հասարակությունում հավաքներին մասնակցությունը ենթադրում է ոչ թե հարկադրված, նյութապես ուղղակի վարձատրվող մասնակցություն, այլ գիտակցված, ինքնուրույն և անկաշկանդ կամարտահայտում։ Երբ մասնակցությունը պայմանավորվում է նյութական շահագրգռվածությամբ, տեղի է ունենում կամքի ձևախեղում՝ այն վերածելով շուկայական փոխանակման առարկայի, ինչն անթույլատրելի է: Հետևաբար, Սահմանադրական դատարանը համարում է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու պարագայում իրապես առկա են ազատ կամարտահայտման սահմանադրական հրամայականը խոցելի դարձնող հանրային վտանգներ ու սպառնալիքներ: Հասարակական-քաղաքական գործընթացները կարող են պայմանավորվել «ֆինանսական մանիպուլյացիաներով»՝ վերջնարդյունքում հանգեցնելով հավաքների ազատության սահմանադրական էության և բովանդակության կորստի։ Այդ պայմաններում «նյութապես շահագրգռելը» քրեականացնելը ոչ թե սահմանափակում է հավաքներին մասնակցության իրավունքը, այլ երաշխավորում և պահպանում դրա իրական սահմանադրական բովանդակությունը:
Հղում անելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին՝ ՍԴ-ն նշել է, որ մյուս կողմից, պետք է նկատի ունենալ, որ նյութատեխնիկական (լոգիստիկ) ապահովման այնպիսի եղանակները, ինչպիսիք են ցուցարարների տեղափոխումը, սննդի, կացարանի ապահովումը կամ հիմնական բանախոսների ծախսերի փոխհատուցումը, խաղաղ հավաքի կազմակերպման ստանդարտ գործընթացներ են:
ՍԴ-ն արձանագրել է, որ «նյութապես շահագրգռել» հասկացության պատշաճ մեկնաբանման խնդիրը վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում՝ եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի կիրառման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի 2024թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր՝ մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովից (Վենետիկի հանձնաժողով) խորհրդատվական կարծիք ստանալը: Հարցը վերաբերել է հետևյալին՝ արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացվել է 2025թ. հոկտեմբերի 13-ին:
Սահմանադրական դատարանի այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Լուսանկարը՝ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքից/11.04.2026
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել