Շիրակի երկրագիտական թանգարանի 137 ցուցանմուշ 6 ամիս կցուցադրվի Ֆրանսիայի Լյուսակ-լե- Շատո քաղաքում
Մայիսի 23-ից հոկտեմբերի 31-ը Շիրակի երկրագիտական թանգարանի վաղ բրոնզե դարաշրջանը ներկայացնող 87 անուն թանգարանային նմուշները՝ ընդհանուր 137 առարկա, կներկայացվեն Ֆրանսիայի Հանրապետության Լյուսակ-լե- Շատո (Luussac-les-Chateaux) քաղաքի «Նախապատմության թանգարան»-ում՝ համատեղ ցուցահանդեսի շրջանակում:
Համագործակցությունը Շիրակի երկրագիտական թանգարանի և Լյուսակ-լե- Շատո ֆրանսիական փոքրիկ քաղաքում(մոտ 2500 բնակիչ) գործող «Նախապատմության թանգարանի» միջև սկսվել է մեկ տարի առաջ: 2025թ-ին Գյումրի էր եկել «Նախապատմության թանգարանի» տնօրեն Ֆրանսուա Դեբրաբանտին՝ Շիրակի երկրագիտական թանգարանում ուսումնասիրելու մարզի Մարմաշեն և Բենիամին բնակավայրերում հայտնաբերված սերդոլիկից գտածոները: Տեղում ծանոթանալով թանգարանի ներուժին(30 հազար ցուցանմուշ), տեղեկանալով ցուցադրության դժվարություններին՝ պարոն Դեբրաբանտին առաջարկել է անել համատեղ ցուցահանդես, որը հնարավորություն կտա հանրահռչակելու հայ հնագետների տարիների աշխատանքը:
Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանի և թանգարանի երկու գիտաշխատողների ուղեկցությամբ՝ Ֆրանսուա Դեբրաբանտին, 2026թ-ի փետրվարի 24-ին հանդիպել էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: Ողջունելով համատեղ ցուցահանդեսի գաղափարը՝ մարզպետը հայտարարել էր, որ հազարամյակների հնություն ունեցող անգին գանձերը միայն մեր երկրի սեփականությունը չեն, այլև՝ ողջ աշխարհինն են: «Դրանք մարդկության հավաքական հիշողության ու մշակութային ժառանգության մասն են, որոնք միավորում են ժողովուրդներին՝ հիշեցնելով, որ պատմությունն ու արժեքները սահմաններ չեն ճանաչում: Թող այս ցուցադրությունը դառնա նոր կամուրջ Հայաստանի և ֆրանսիայի միջև՝ ամրապնդելով բարեկամությունը, փոխըմբռնումն ու համագործակցությունը»,-նշել էր Դավիթ Առուշանյանը:
Ցուցանմուշների փաթեթավորման, առաքման, վերադարձի հարցերով զբաղվելու էին հայ մասնագետները: Ցուցադրության համար արտահանվող թանգարանային առարկաների ապահովության, առաքման, վերադարձի ծախսերը իրականացնում է հրավիրող կողմը: Ըստ պայմանավորվածության, ֆրանսիական կողմը, որպես հրավերի նախաձեռնող կողմ, 19 հազար եվրո է տրամադրել իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Երկրագիտական թանգարանի տնօրենի փոխանցմամբ, հայկական կողմին Ֆրանսիայում պատշաճ ներկայանալու համար, ԿԳՄՍ նախարարությունը սկզբում խոստացել է 4 հազար 300 եվրո, հետո հրաժարվել գումարը տրամադրելուց:
«Միջազգային մակարդակի միջոցառումների կազմակերպման ժամանակ կողմերը սովորաբար պայմանավորվում են, թե ով ինչ պարտավորություն ունի և ինչ կարող է ներդնել,-ասում է Մերուժան Մինասյանը,-հիմա, ընդամենը 2500 բնակիչ ունեցող ֆրանսիական քաղաքի քաղաքապետը՝ հանուն ցուցահանդեսի 19 հազար եվրո հատկացրել է, մենք այդպես էլ մնացինք առանց ֆինանսավորման, քանի որ այս տարվա հունվարին իմացանք նախարարությունից մերժել են՝ ասելով փող չկա: Մեր ֆոնդապահը իր գրպանից է վճարել մոտ 700 եվրո՝ ցուցանմուշները Լյուսակ-լե- Շատո հասցնելու և մեկ շաբաթ այնտեղ գտնվելու համար, ու էդ գումարի փոխհատուցումն էլ օդի մեջ է: Լավ, միթե այդքան մեծ գումար էր մեր պետության համար 4000 եվրոն, որով հնարավորություն կար գոնե երկու հոգու մասնակցություն ապահովել մեր կողմից, նաև որոշակի ներդրում ունենալ կատալոգի հրատարակման հարցում, որ դարձյալ անելու է ֆրանսիական կողմը: Տպելու են 100 օրինակ, մեզ որոշ քանակ փոխանցելու են, բայց եթե հայկական կողմը գումար տրամադրեր, ապա ավելի շատ օրինակ տպելու հնարավորություն կլիներ»:
«Հետքը» Շիրակի մարզպետի աշխատակազմից հետաքրքրվեց, թե ինչու հայկական կողմը ֆինանսավորում չի ստացել Ֆրանսիայում պատշաճ ներկայանալու համար։ Պատասախանեցին, որ մարզպետարանը ֆինանսավորման հայտը ներկայացրել է Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն, սակայն չի հաստատվել:
Պարզաբանման համար «Հետքը» ապրիլի 30-ին դիմեց նաև ԿԳՄՍ նախարարություն հետևյալ հարցադրմամբ՝ ինչո՞ւ թանգարանը չի ստացել անհրաժեշտ ֆինանսավորում՝ միջազգային համատեղ ցուցահանդեսին պատշաճ ներկայանալու համար, ի՞նչ հիմնավորմամբ է մարզպետարանի ներկայացրած հայտը մերժվել, և հնարավո՞ր է, արդյոք, մինչև մայիսի 23-ը վերանայել հունվարին կայացրած որոշումը:
Մայիսի 7-ին ԿԳՄՍ նախարարությունից պատասխանեցին, որ Շիրակի Երկրագիտական թանգարանի ֆինանսավորման հայտը սահմանված կարգով ներկայացրել են Ֆինանսների նախարարություն, սակայն բյուջետային քննարկումների շրջանակում հայտը չի ներառվել 2026թ.-ի բյուջեում:
Քանի որ անհնար է մայիսի 23-ին ֆիզիկապես ներկա լինել ցուցահանդեսի բացմանը, Մերուժան Մինասյանը խնդրել է, որ ֆրանսիական կողմը օնլայն հեռարձակում ապահովի և իրենք կարողանան տեսակապով միանալ միջոցառմանը: Տնօրենն անչափ կարևորում է միջազգային ցուցանհանդեսին թանգարանի մասնակացությունը: «Մենք նման հնարավորություն ունեցել ենք մեկ էլ 2006թ-ին՝ երջանկահիշատակ Համազասպ Խաչատրյանի ջանքերով, 20 տարի առաջ թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են Ֆրանսիայի Ռուան և Սան Ռաֆայել քաղաքներում,-նկատում է զրուցակիցս,-ունենալ 30 հազար ցուցանմուշ, չունենալ ոչ շենք, ոչ ցուցադրվելու հնարավորություն, մենք ուղղակի պարտավոր ենք օգտագործել մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Չենք կարող ձեռքերս ծալած նստել, եղածը փակի տակ պահել, ինչ է թե պայմաններ չունենք»:
Տնօրենի փոխանցմամբ, իրենք համագործակցում են հանրապետության տարածքում գործող բոլոր թանգարանների հետ, որոշակի քանակի ցուցանմուշներով մասնակցում տարբեր համատեղ կազմակերպվող ցուցահանդեսների: Զուգահեռ շարունակվում են տարբեր ձևաչափերով քննարկումները՝ կապված նախկին հիվանդանոցի շենքը կամ այլ՝ որևէ հարմար կառույց թանգարանին հատկացնելու շուրջ:
«Նախանցած շաբաթ մարզպետի մոտ քննարկում է եղել, որին ներկա էր նաև Զբոսաշրջային կոմիտեի նախագահը, քննարկվել է տարբերակ, որ հիվանդանոցի շենքը օգտագործվի Լոզանի համալսարանի հետ համատեղ: Շենքը կադաստրային փաստաթղթերով պատկանում է Երկրագիտական թանգարանին, սակայն 2024թ-ին ավագանու որոշմամբ պետգույքից շենքը վերցվել է, որպեսզի 20 տարով տրվի Լոզանի համալսարանին,-ասում է Մ. Մինասյանը,-նորից ներկայացրել ենք, որ 15 մլն դրամի նախագիծ կա արված, գոնե էդ փողն ու աշխատանքը ջուրը չլցվի: Շենքի ամբողջական վերականգնման համար 1 մլրդ 200 մլն դրամ է հարկավոր, որը կառավարությունը էս պահին հարմար չի գտնում տրամադրել»:
Որպեսզի թանգարանային կյանքի ուղեծրից դուրս չմնան, Շիրակի երկրագիտական թանգարանում որոշել են 30 քմ տարածքով նախասրահը վերածել ցուցասրահի: Վեց ցուցափեղկ են պատվիրել, նաև մի քանի սեղան ցուցանմուշների համար, տարածքում որոշակի նորոգչական աշխատանքներ են կատարել, որ հասցնեն մայիսի 17-ին մասնակցել Հայաստանում ամեն տարի անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել