Խրախուսո՞ւմ, թե՞ ճնշման լծակ. ինչ նպատակ ունեն Քաղաքաշինության կոմիտեի պարգևավճարները
2021-2025 թվականներին ավելի քան 554 միլիոն դրամ պարգևավճար է տրվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներին, սակայն «գաղտնի» է պահվում կոմիտեի նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարի չափը։ «Հետքը» կոմիտեի աշխատակցից նամակ է ստացել պարգևավճարների խտրական ու ոչ թափանցիկ բաշխման մասին։ Նամակի հեղինակը խնդրել է անանուն մնալ՝ հետագա ճնշումներից խուսափելու համար և նկարագրել է, թե ինչպես են բաշխվում պարգևավճարները։
Նամակագրի փոխանցմամբ՝ խնդիրը ոչ թե առանձին դրվագ է, այլ մի ամբողջական սխեմա, որը միտված է ֆինանսական միջոցների ոչ թափանցիկ բաշխմանը և աշխատակիցների նկատմամբ ճնշումներին։ Մասնավորապես, նամակում նշվում է, որ կոմիտեում պարգևավճարները չեն բաշխվում աշխատանքային արդյունավետության հիման վրա, այլ ծառայում են որպես աշխատավարձի հիմնական մասի փոխհատուցման սուբյեկտիվ գործիք։ «Պիլոտային նախագծերի» քողի ներքո գումարները բաշխվում են ղեկավարության քմահաճույքով՝ խտրական մոտեցում ցուցաբերելով աշխատակիցների նկատմամբ։
Նամակի հեղինակի փոխանցմամբ՝ այն աշխատակիցները, որոնք չեն համապատասխանում ղեկավարության նախասիրություններին, միտումնավոր զրկվում են աշխատանքային հանձնարարություններից։ Ստեղծվում է արհեստական «անգործության» վիճակ, որ հետագայում աշխատակցին պարտադրեն սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից։ Եթե աշխատակիցը չի ենթարկվում ճնշումներին և հրաժարվում է ինքնակամ հեռանալ, նամակագրի խոսքով, նրա նկատմամբ հարուցվում են շինծու ծառայողական քննություններ՝ «աշխատանքային պարտականությունները չկատարելու» հիմքով։ Այդ փաստը հետագայում օգտագործվում է աշխատանքից ազատելու համար։
«Այս ամենը պետական մարմնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և աշխատանքային իրավունքների կոպիտ խախտման ապացույց է»,- նշում է նամակի հեղինակը և հավելում, որ կոմիտեում կան աշխատակիցներ, որոնք ստացել են հարյուր հազար դրամների հասնող պարգևավճարներ, իսկ մյուսները՝ 10 հազ․ դրամ կամ ընդհանրապես զրկվում են դրանից:
Նույն բովանդակությամբ բաց նամակ էր հրապարակվել նաև սոցիալական հարթակներում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրելով այդ հարցի վրա։
Նախագահի և տեղակալների պարգևավճարների չափը՝ «փակի» տակ
Քաղաքաշինության կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ 2021-2025 թվականներին կոմիտեի աշխատակիցները ստացել են 554 մլն 371 հազ․ դրամ պարգևավճար։ 2026թ․ հունվար-մարտ ամիսներին տրվել է 37 մլն 670 հազ․ դրամ պարգևավճար։
Հետաքրքրվել էինք, թե այս գումարից որքան պարգևավճար են ստացել Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու տեղակալները։
«Կոմիտեի նախագահը և նախագահի տեղակալները հանդիսանում են հայտարարատու ֆիզիկական անձինք, որոնց հայտարարագրերում ներառված տվյալները հրապարակվում են»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Վարդան Հարությունյանի գրավոր պատասխանում։
Նշենք, որ պաշտոնյաները գույքի, եկամուտների ու շահերի տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ․ հայտարարագրերը հանրությանը հասանելի կլինեն մինչև 2026թ․ մայիսի 31-ը։ Նյութը հրապարակելու ժամանակ, օրինակ, կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի 2025թ․ հայտարարագիրը հասանելի չէր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, ինչը նշանակում է, որ պաշտոնյան հայտարարագիրը դեռ չի լրացրել։ Բացի այդ, հայտարարագրում պարգևավճարների վերաբերյալ առանձին տող չկա, այն ներկայացվում է աշխատավարձի և այլ հավասարեցված վճարումների հետ։ Մասնավորապես, 2024թ․ Ե․ Վարդանյանը Քաղաքաշինության կոմիտեից ստացել է մոտ 9 մլն 579 հազ․ դրամ, որպես «աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ», ինչից պարզ չէ, թե որքանն է պարգևավճարը։
Կոմիտեից հայտնում են, որ 2021-2025 թվականներին և 2026թ․ հունվար-մարտ ամիսներին պարգևավճար չի ստացել 59 աշխատակից։ Ամենաշատը՝ 19 աշխատակից, պարգևավճար չի ստացել 2026թ․ առաջին երեք ամսվա ընթացքում։ Իսկ 10 հազ․ դրամի չափով պարգևավճար ստացել է 5 աշխատակից՝ մեկը 2024թ.-ին, 4-ը՝ 2025թ.-ին։
Ըստ աշխատակազմի քարտուղարի՝ աշխատակիցները պարգևավճարներ ստացել են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն։ Վկայակոչված հոդվածը վերաբերում է պետական ծառայողների պարգևատրման աղբյուրներին, չափերին և կարգին։ Ըստ որի՝ պետական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ: Պետական ծառայողը չի պարգևատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը կամ կիսամյակային կատարողականը գնահատվել է բացասական:
Անդրադառնալով խմբագրությանն ուղարկված նամակում բարձրացված մտահոգություններին, Քաղաքաշինության կոմիտեից նշում են, որ դրանով նպատակ է հետապնդվել ստվերել կառույցի հեղինակությունը և աշխատանքի արդյունավետության բարձրացման քայլերը։
Հայտնում են, որ պարգևատրումը տրամադրվում է Քաղաքաշինության կոմիտեի և ստորաբաժանումների աշխատանքային գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և որակյալ աշխատանքը խրախուսելու նպատակով: Հաշվի են առնվում մի խումբ գործոններ, որոնցից են՝ պատասխանատվության աստիճանը, նախաձեռնողականությունը, մասնագիտական և կառավարչական գիտելիքներն ու հմտությունները, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, առանձին առաջադրանքների կատարումը, աշխատանքային և կատարողական կարգապահությունը, Կառավարության ծրագրով կոմիտեին վերապահված միջոցառումների կատարման աշխատանքներին մասնակցության աստիճանը, թիմային վարքագիծը, աշխատաշուկայում տվյալ բնույթի աշխատանքի պահանջարկը և այլն։
«Աշխատանքային հանձնարարությունների բաշխումն իրականացվում է ծառայողական անհրաժեշտությունից բխող սկզբունքներով։ Միևնույն ժամանակ աշխատակիցները պաշտոնի անձնագրով սահմանափակված չեն հանձնարարությունների կատարմամբ և իրավասու են ցուցաբերել նախաձեռնողականություն, մշակել առաջարկներ և նախագծեր։ Աշխատելով գերծանրաբեռնված՝ անտրամաբանական է, որ կոմիտեն իր կադրային ռեսուրսները չօգտագործի ողջ ծավալով»,- հայտնում են կոմիտեից։
Անդրադառնալով ծառայողական քննություններին, նշում են, որ դրանք նշանակվում են ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով ու դեպքերում և չեն ծառայում որպես աշխատակիցներին աշխատանքից ազատելու միջոց, ինչի մասին է վկայում այն փաստը, որ 2021-2026թթ. ծառայողական քննություններից հետո աշխատանքից ազատման որևէ դեպք կոմիտեում չի եղել: Ավելին՝ ծառայողական քննություններից հետո հիմնականում չի կիրառվել նաև կարգապահական տույժ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել