HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման

ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկում անցնելու:

Airbus A319 ACJ տիպի օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը VIP բորտ է, ինչպես ցույց են տալիս թռիչքներին առցանց հետեւող հարթակները, պարբերաբար մեկնում է արտերկիր՝ տեխսպասարկում անցնելու (Հայաստանում նման աշխատանքների հնարավորություն չկա):

Այսպես՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական բորտը այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը միակ պետական ինքնաթիռն է: Մասնավորապես՝ 2022-ին ու 2025-ին նման իրավիճակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի Փաշինյանը, թերեւս, կարիք չի ունենա օգտվել մասնավոր օպերատորներից, քանի որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8-27-ին եւ մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը գտնվելու է արձակուրդում:

Վերջերս գրել էինք, որ մարտի 22-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսի էր թռել ու վերադարձել ոչ թե պետական այս օդանավով, այլ մասնավոր բորտով՝ գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության Gulfstream G450 տիպի բիզնես ջեթով: Նույն օդանավից օգտվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որը մարտի 26-ին թռել էր ղազախական Շիմքենդ, իսկ հաջորդ օրը վերադարձել Երեւան: Փոխվարչապետի պատվիրակությանը սպասարկելու համար ՀՀ պետբյուջեից 28,6 մլն դրամ (մոտ 77 հազ. դոլար) էր վճարվել «Ֆլայուան Արմենիային»:

Նշել էինք, որ այս թռիչքները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ, ըստ դրանց հետեւող հարթակների, պետական Airbus A319-ը կայանված է եղել Երեւանում: Նախագահի աշխատակազմից ու Կառավարությունից այդպես էլ չէին պարզաբանել, թե այդ դեպքում ինչու են բարձրաստիճան պաշտոնյաները օգտվել Սուքիասյան ընտանիքին պատկանող ընկերության ինքնաթիռից:

Հավելենք, որ 1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը, որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին:

2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»:

Վարչապետին սպասարկող թռիչքները համարակալվում են FIE4001, նախագահինը՝ FIE4002, այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը (օրինակ՝ ԱԺ նախագահ, ԱԳ նախարար)՝ FIE4003: FIE-ն «Ֆլայուան Արմենիայի» միջազգային (ICAO) կոդն է, իսկ թիվը բնորոշում է թռիչքի շահառու պաշտոնյային:

Տեխնիկական թռիչքները համարակալվում են այլ թվերով: 2025-ի մայիսին կայացած Երեւան-Պրահա եւ Պրահա-Երեւան թռիչքները կրում էին նույն համարը՝ FIE4041: Այս անգամ Երեւան-Սոֆիա թռիչքը համարակալվել է FIE4011:

Լուսանկարում՝ ՀՀ պետական Airbus A319-ը՝ Ֆրանկֆուրտում, 20.02.2026, հեղ.՝ Յենս Բրոկուֆ, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter