Ոչ առևտրային կազմակերպություններին կամ ԶԼՄ-ներին անհատույց փոխանցված դրամական միջոցները՝ սոցիալական ծախս
Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առջարկվում է ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը։ Առաջարկվում է 2027թ․ հունվարի 1-ից սոցիալական ծախս դիտարկել նաև ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին հայտարարատու ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցները: Կազմակերպությունների և ԶԼՄ-ների շրջանակը սահմանելու է Կառավարությունը։
Ըստ հեղինակների՝ կարգավորման նպատակը ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի հաշվին ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումն է։
Հայաստանում գործում է ռեզիդենտ ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ: Հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց կամ ընտանիքի անդամների համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
«Ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից»,-նշված է նախագծում։
Նախագծի ընդունման դեպքում սոցիալական ծախսեր են համարվելու հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) իր և իր ընտանիքի անդամների համար կատարված՝ առողջապահության, կրթության, բնակարանային ապահովության գծով ծախսերը, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից ոչ առևտրային կազմակերպություններին կամ զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել