HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Արգենտինան ընդլայնում են համագործակցությունը

Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:

«Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ: Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը: Դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում: Արգենտինան լատինաամերիկյան առաջին երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջև ստորագրվել է երկու տասնյակից ավելի փաստաթուղթ, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հեկտոր Մարկոս Թիմերմանն ասաց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարևորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։

Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter