«Հիվանդ մարդիկ այստեղ տառապում են». դատապարտյալը ՔԿՀ-ում հաշմանդամ է դարձել
Կարեն Հովհաննիսյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ 2018թ. օգոստոսի 30-ին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար: Մեղքը չի ընդունում, նշում է՝ ապացույցներ չկան, գործն ամբողջությամբ ենթադրությունների վրա է հիմնված: Սակայն, այժմ պայքարում է առողջության պահպանման համար: Անազատության մեջ անցկացրած 8 տարիները նրան դարձրել են հաշմանդամ:
7 տարվա քննությունից հետո մեղադրական դատավճիռը կայացվել է 2025թ. փետրվարին: Կարեն Հովհաննիսյանը պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում:
«7 տարի գնացել է դատավարությունը: 7 տարվա մեջ տարել եմ մեկ անգամ ինսուլտ, տարել եմ ինֆարկտ՝ աջակողմյան պարալիչ: Անվասայլակի վրա եմ 7 տարի: Բազմաթիվ ծանր հիվանդություններ ունեմ, սիրտս ԿՎԴ (կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր) սարք է տեղադրված և ստենդավորված է: Ունեմ բարձր շաքար և այլ ծանր հիվանդություններ»,- ասում է Կ. Հովհաննիսյանը և դժգոհում, որ պատշաճ բժշկական օգնություն չի ստանում:
Նա պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ իր հետ պահվող դատապարտյալ է կախվելու միջոցով ինքնասպանության փորձ արել: Պատահմամբ է տեսել, և հսկիչների օգնությամբ կանխել են: Նա ունեցել է խրոնիկ հիվանդություններ, ցավերին չի դիմացել ու որոշել է կյանքին վերջ տալ:
«Կրեատինս բարձրացել, հելել էր 1250, էլ չէի զգում՝ ինչ եմ անում: Հելա, էլ չէի դիմանում, ասի կյանքիս վերջ տամ՝ պրծնեմ, 3 անգամ էլ երակ եմ բացել»,- պատմեց ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը՝ չցանկանալով անունը հրապարակել: Նրա խոսքով՝ ընդամենը 2 ցավազրկող են տալիս, ու դրանով պետք է բավարարվի, մինչդեռ որովայնի հատվածում ցավերը մշտական են:
«Հիվանդ մարդիկ այստեղ տառապում ու մեռնում են, ոնց որ անցյալ տարի, ինչքան հիշում եմ՝ 26 հոգի: Ոչ մի պարագայում քրեական գործ չի հարուցվում, երբ դիմում ես փաստերով, որ քրեական գործ հարուցեն, քրեական գործը հարուցում են, նույն րոպեին, մեկ շաբաթ հետո կարճվում է այդ գործը»,- ասում է Կ. Հովհաննիսյանը:
Դատապարտյալը պատմեց, որ հիվանդությունով չի մտել քրեակատարողական հիմնարկ, իր ձեռքով ու ոտքով է եկել: Սկզբում՝ 6 ամիս, պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որից հետո եղել է «Դատապարտյալների հիվանդանոցում», այժմ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանման ստացիոնար բաժնում:
«Եթե պատկան մարմինները կդիտեն այս ամեն ինչը, խնդրում եմ, այստեղ ապրում են մարդիկ, ինչ-ինչ պատճառներով եկել են և հայտնվել են այս վայրում, դա չի նշանակում, որ կարելի է մարդկանց սպանել, ուղղակի սպանել: Ես ձեզ հավատացնում եմ, որ այստեղ գնում է վենդետա»,- ասում է դատապարտյալը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները չեն ընդունում դատապարտյալների «մեղադրանքները»: Պնդում են, որ պատշաճ բուժօգնություն ստանում են, իսկ դեղորայքի պակաս ընդհանրապես չունեն:
«Կալանավորներն իրենց խրոնիկ հիվանդությունների հետ միասին ունեն խրոնիկական էլի հիվանդություն՝ բողոքն իրենց մոտ միշտ է: Ինքնավնասումների մեծ մասը լինում է ոչ բժշկական գծով, այլ իրենց դատական գործերով: Մահվան դեպքերը, որն առաջանում է իրենց վնասելուց, կախվելու հետևանքով դա էլ է լինում իրենց դատական գործերի հետ կապված: Մտնում են հացադուլ դարձյալ իրենց դատական գործերի հետ կապված: Ձեզ երևի հայտնի է՝ բժիշկները միշտ լինում են թիրախային գծում, և ամեն տեղ, այստեղ՝ առավել ևս»,- ասում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանման թերապևտ Հեղինե Փանոսյանը։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել