HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը, առանց դատարանի հարկադրանքի, պահեստազորի սպաներին հասանելիք բնակարանները չի հատկացնում

Փոխգնդապետ Էդուարդ Սահակյանը 20 տարի ծառայելուց հետո 2016թ-ի օգոստոսին անցել է զինվորական կենսաթոշակի։ Երևանի բնակիչ Է. Սահակյանը զինվորական ծառայությունը սկսել էր 1996թ-ից, ծառայել է մի շարք զորամասերում, զինված ուժերից արձակվելուց և պահեստազորում հաշվառվելուց հետո տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։

«Ռուսաստան տեղափոխվելուս պատճառը բնակարան չունենալն էր։ Երբ զորացրվեցի զինված ուժերից, ի վիճակի չէի բնակարան վարձելու և ընտանիքով տեղափոխվեցինք»,– հայտնեց Է Սահակյանը։

Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետն ասում է, որ զինվորական ծառայության ընթացքում, 2012թ դեկտեմբերին հաշվառվել էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում: Պետությունից անհատույց երեք սենյականոց բնակարան պետք է ստանար։

Իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը 2019թ․-ին ընդունած որոշումով վերահաստատեց զինծառայողներին հատկացվելիք բնակարանների համար փոխհատուցում տրամադրելու կարգը։ «Դրանից հետո երեք տարի շարունակ դիմում էի Պաշտպանության նախարարին՝ բնակարանի համար փոխհատուցում ստանալու համար։ ՊՆ սոցվարչությունից ինձ պատասխանում էին, որ նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նիստերը տեղի չեն ունենում՝ բյուջեում գումար չլինելու պատճառով»,– պատմում է փոխգնդապետը։

2023թ-ի նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին էր պատասխանում։ Էդուարդ Սահակյանը Ռուսաստանից ուղիղ տեսակապով իր բնակարանային հարցը նրան ներկայացնելու հնարավորություն է ունեցել։ Վարչապետին հիշեցրել է, որ խոստացել էր լուծել զինծառայողների բնակարանային հարցը։ «Դուք անձամբ ԱԺ ամբիոնից ասացիք, որ գումարը բոլորին պետք է տրվի։ Գուցե տեղյակ չեք, որ ՊՆ սոցվարչությունից մեզ այդպիսի պատասխաններ են տալիս։ Ես ուզում եմ վերադառնալ և բնակվել Հայաստանում, բայց բնակվելու տեղ չունեմ»,– հայտնել է նա։

Վարչապետը պատասխանել է, որ սպաների հետ հարցը քննարկելուց հետո Անվտանգության խորհրդի նիստում Ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր 2018թ պետբյուջեի խնայված միջոցներից միանվագ գումար հատկացնել 300 սպաների բնակարանային հարցը լուծելու համար։

«Երբ մի քանի ամիս առաջ իմացա, որ չեն լուծվել նրանց հարցերը, ինձ համար զարմանալի էր։ Պարզվեց, որ Անվտանգության խորհրդին իմ տված հանձնարարությունը նենգափոխվել է, դա բոլորովին ուրիշ պատմություն է։ Ես մեծ զայրույթ ապրեցի, թե ոնց կարող է ԱԽ-ում արձանագրված որոշման էությունը փոխվել։ Մենք այդ խնդիրը միանշանակ պետք է լուծենք, կոնկրետ ձեր հարցով Պաշտպանության նախարարն ասել է, որ առաջիկա 1,5 տարում այդ հարցը կլուծվի»,- փոխգնդապետին հուսադրել է վարչապետը։

Հավատալով վարչապետի՝ ուղիղ եթերում արված հավաստիացումներին, Էդուարդ Սահակյանը սպասել է ևս 1,5 տարի։ Երբ ժամկետը լրացել է, կրկին դիմել է Պաշտպանության նախարարին։ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը 2025թ-ի մարտի գրությամբ մերժել է նրա խնդրանքը։

ՊՆ-ից հայտնել են, որ զինթոշակառուների համար հատկացված ֆինանսական միջոցներ չկան, Կառավարության 27.12.2018թ. թիվ 1535-Ն որոշմամբ տրամադրված 5 մլրդ 705 մլն դրամը սպառվել է: Նրան բնակարանով ապահովելու հարցին կանդրադառնան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, Կառավարության որոշմամբ սահմանված հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով։

Այս պատասխանից հետո պահեստազորի փոխգնդապետ Էդուարդ Սահակյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՊՆ-ին՝ պետական բյուջեի միջոցներով Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ հրաման ընդունել։

Հայցվորը նաև վիճարկել է Կառավարության 2019թ․-ի թիվ 540-Ն որոշման 17.3-րդ կետով կատարված փոփոխությունը, որով նախատեսվել է Երևան քաղաքում գումարը հատկացնել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 %-ի չափով: Հայտնել է, որ բնակարանային հերթում հաշվառվել է 2012թ-ին, երբ գործում էր Կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգը։ Համաձայն դրա՝ բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է տվյալ տարածաշրջանի բնակարանի շուկայական միջին արժեքով:

Վարչական դատարանը 2025թ․-ի նոյեմբերին բավարարել է Էդուարդ Սահակյանի հայցը՝ ՊՆ-ին պարտավորեցրել է պետական բյուջեի միջոցների հաշվին Էդուարդ Սահակյանին բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ հրաման ընդունել։ Հաշվարկը կատարել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով։ Այսինքն՝ վճարել արժեքի 100%-ով։

2026թ ապրիլին ՊՆ-ն նրան բնակարան գնելու վկայագիր է տվել, շուտով կկարողանա բնակարան գնել։ «Իրենց տված գումարով հնարավոր չէ երեք սենյականոց բնակարան ձեռք բերել Երևանում։ Երեք սենյականոցի հաշվարկով տրված գումարը երկու սենյակի է բավարարում, գումար եմ հայթայթել երեք սենյականոց բնակարան  ձեռք բերելու համար»,– հայտնեց փոխգնդապետ Սահակյանը։

«Հերթական նախընտրական փիառ՝ վարչական ռեսուրսների կիրառմամբ զինծառայողներին սիրաշահելու նպատակով»

2026թ ապրիլի 30-ին Կառավարությունը ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցանկում ընդգրկված զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու որոշում ընդունեց: Տեղեկացվեց, որ ծրագրի շահառու են համարվում 2850 զինծառայողներ՝ պայմանագրային զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցողները։

Կառավարության այս որոշմանն արձագանքեց «Պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն»-ը, որը հետամուտ է այս հարցի լուծմանը։ Հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններից առաջ այսպիսի որոշում ընդունելը որակեցին «հերթական նախընտրական փիառ՝ վարչական ռեսուրսների կիրառմամբ զինծառայողներին սիրաշահելու նպատակով»։

«Իմաստը ո՞րն է Կառավարության որոշմամբ կարգավորել մի բան, որը կարելի էր համարել կարգավորված»,- ասվում է «Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» հայտարարության մեջ։

«Մեր նախաձեռնությունը տարիներ շարունակ, համագործակցելով փաստաբանական գրասենյակների հետ, դատական ատյաններում զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ՝ արձանագրելով բազմաթիվ հաղթանակներ նաև ներքոհիշյալ՝ Կառավարության որոշմամբ արձանագրված խնդիրների շրջանակում»,- հայտնում է նախաձեռնությունը։

Այս անգամ Կառավարության նիստին առաջարկվել է ներդնել քառափուլ ծրագիր, որը հնարավորություն կտա լուծել ՊՆ ենթակայությամբ ծառայած բնակապահովման շահառուների հարցը, որը սկիզբ է առնում 2000-ականներից։

Ծրագրով նախատեսվում է զինծառայողներին բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել հիփոթեքային վարկավորումով։ Ֆինանսավորման 90%-ը բանկերի միջոցով կհատկացնի Կառավարությունը, իսկ 10%-ը ՊՆ-ն՝ տարեկան ֆինանսավորման շրջանակում։ Այն նախատեսվում է իրականացնել չորս տարվա ընթացքում՝ 2027թ․-ին բնակարան կհատկացվի 735 շահառուի, 2028թ․–ին՝ 812 շահառուի, 2029թ․-ին՝ 719 շահառուի, 2030թ․-ին՝ 584 շահառուի։

«Ծրագիրը կիրականացվի ըստ հերթացուցակի՝ անտեսելով ցուցակում հաշվառված հաշմանդամություն ունեցող շահառուների առաջնահերթության իրավունքը»,- դժգոհում է «Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» համակարգող Էդգար Հովհաննիսյանը։

ՊՆ-ն Վարչական դատարանը ծանրաբեռնել է բնակարանի հերթում հաշվառված զինծառայողների գործերով

Միայն 2025թ-ին անհատույց բնակարան տրամադրելու կամ բնակարան ձեռք բերելու համար փոխհատուցում տրամադրելու պահանջով ՊՆ-ի դեմ 130 հայց է ներկայացվել Վարչական դատարան։ Զինծառայողներն ասում են՝ Կառավարությունը փոխհատուցելու որոշում է ընդունել, բայց որոշման պահանջները չեն կատարվում։ Պահեստազորում գտնվող զինծառայողները ստիպված են այն իրագործել դատական կարգով։

Բոլոր վճիռներով դատարանը բավարարել է զինծառայողների հայցը, ՊՆ-ն վճիռները չի բողոքարկել։ Նախարարության ներկայացուցիչն առարկել է միայն հայցվորների՝ Երևան քաղաքում բնակարանի արժեքի 100%–ով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պահանջին, որը դատարանը չի ընդունել։  

Դատական բոլոր ակտերի պատճառաբանական մասում ընդգծվում է, որ բնակարանային հերթում գտնվող պահեստազորի զինծառայողների նկատմամբ պետք է կիրառվեն իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրական կարգավորումները։ Այսինքն՝ մինչև 2019թ․-ի թիվ 540-Ն որոշման 17.3-րդ կետում կատարված փոփոխությունը հաշվառման մեջ գտնվող անձինք, ովքեր ունեն առնվազն 12 տարի 6 ամսվա զինվորական ստաժ, պահպանում են 100%–ով փոխհատուցում ստանալու իրավունքը։ Նրանց հաշվառման պահին գործել է Կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշումը, որն առավել բարենպաստ պայմաններ է նախատեսել` ամրագրելով զինծառայողի իրավունքը բնակարան ձեռք բերելու կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Իրավական նորմերի վերլուծության արդյունքում դատարանն արձանագրել է նաև, որ  Կառավարության 10.05.2019թ. թիվ 540-Ն որոշմամբ վատթարացվել է զինծառայողների իրավական վիճակը, իսկ վատթարացնող նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ:

Բավարարված դատական ակտերով պետական բյուջեից մեծ գումարներ են վճարվում որպես հայցվորների դատական ծախսերի փոխհատուցում։ Դատարանը փոխհատուցում է վճարված պետական տուրքը՝ 10 000 դրամ, և փաստաբանական ծառայության վճարը՝ 100 հազարից մինչև 200 հազար դրամ։

Ապրիլի 22-ին Ֆինանսների նախարարությանը հետեւյալ գրավոր հարցերն էինք ուղղել.

  1. Վարչական դատարանի վճիռների հիման վրա բնակարան ձեռք բերելու համար պետական բյուջեից որքա՞ն գումար է տրամադրվել հայցվորներին 2024, 2025 և 2026 թվականներին։
  2. Բավարարված հայցերով որքա՞ն գումար է տրամադրվել որպես փաստաբանական ծախսի հատուցում և պետական տուրքի փոխհատուցում։

Բոլոր դատական գործերով Ֆինանսների նախարարությունը երրորդ անձ է ներգրավվել, սակայն մեզ առաջարկել են այդ հարցերի պատասխանը ստանալ ՊՆ-ից։ Ապրիլի 28-ին այս գրությունն ուղարկել ենք Պաշտպանության նախարարին։ Նախարարությունը ոչ միայն չի պատասխանել գրությանը, այլև չի հայտնում, թե երբ է  պատասխանելու։

Դատական ծախսերից բացի, Կառավարության որոշումը չկատարելը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում դատարանների համար։ Հաշվարկներ չկան, թե նման մի հայց քննելու համար որքան նյութական և մարդկային ռեսուրս է վատնում դատարանը, ինչ խնդիրներ է առաջացնում դատական ծանրաբեռնվածությունը և ինչպես է այն անդրադառնում համակարգի արդյունավետության վրա։ Ստացվում է, որ Կառավարությունը մի կողմից դատարանները բեռնաթափելու ծրագրեր է ընդունում, մյուս կողմից՝ իր անգործությամբ ծանրաբեռնում է նույն դատարանները։

Նույնաբովանդակ հայցերի հիման վրա կայացված մի քանի դատական ակտերը բավարար էին, որ դատական գործընթացները դադարեցվեին։ Նկատի ունենալով արդեն իսկ ձևավորված դատական պրակտիկան՝ ՊՆ-ն կամովին պետք է լուծեր հարցը։

Դատական ակտերում շեշտվում է, որ ՊՆ-ի կենտրոնական բնակարանային հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում պարտավոր է յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարների հաշվին անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրել ըստ շահառուներին բնակարանային հաշվառման վերցնելու հերթականության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter