HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. ՏԻՄ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրել

Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։ Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։

Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրությունների անհարկի կուսակցականացումը տեղին չէ։ Մեր ժողովուրդը կարիք ունի իրապես ընտրված, հարգանք ու հեղինակություն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների և ոչ թե քաղաք ու գյուղ «նայողների», իշխանության վերարտադրման համար ձայն ապահովողների։ Բնականաբար, լիարժեք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանա պարտադրված ընտրությունների միջոցով։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը այս առումով հուսադրող չէ։

Ազգային ժողովի' բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։

Հայտարարվում է մեկ բան, արվում է ճիշտ հակառակը։ Երբեմն տեղական «հեղինակությունները» իրենց վրա պետական գործառույթներ են վերցնում ու մնում անպատիժ։ Դա հյուծում է մեր երկիրը, պառակտում հասարակությունը։ Թալինի, Ախթալայի, Կապանի, Գյումրիի օրինակները հուշում են, որ այդ երևույթները եզակի չեն և ընդհանրական դառնալու միտում ունեն։

Մենք հայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիորեն հարվածում են մեր պետականությանը, մեր քաղաքացիների մեջ սպանում են հավատը որակական փոփոխությունների հանդեպ:

ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները, ճնշումները, ահաբեկման երևույթները և իշխանություններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
04. 09. 2012

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ԻՐՈՔ գտնում եմ,որ քանի դեռ ներքոհիշյալ 4 կետերը չեն իրագործվել,մարզերի քաղաքական-տնտեսական զարգացում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. 1.ընտրովի 'Մարզային Ժողով',որը կղեկավարի մարզի ԲՈԼՈՐ խնդիրները,բացի բանակից և երկրի միջազգային հարաբերություններից,........2. ընտրովի մարզպետ,.........3. տեղական կուսակցություններ,........4. ՀՀ-ի բաժանումը առավելագույնը 5 մարզի: ՀԳ. Երևանին պետք է զրկել մայրաքաղաքի կարգավիճակից և ԱԺ-ի պատգամավորների թիվը կրճատել մինչև 100 կամ 75:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter