Էդվարդ Նալբանդյան. Սաֆարովի դեպքը արդեն շատ վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա
Այսօր՝ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ադրբեջանցի մարդասպանի արտահանձնմանն ու հերոսացմանը և պատասխանել լրագրողների հարցերին:
Էդվարդ Նալբանդյան - Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ հունգարաադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար:
Եվրախորհուրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին և գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:
Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում:
Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար:
- Պարոն Նալբանդյան, Սաֆարովի դեպքի հետ կապված վերջերս շատ է ասվում, որ Հայաստանը կարող է դադարացնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հնարավո՞ր է, որ Հայաստանը իրոք դադարեցնի ղարաբաղյան բանակցությունները՝ կապված Սաֆարովի դեպքի հետ: Դեպքը, այնուամենայնիվ, ի՞նչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա:
- Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում: Այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը:
Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների բոլոր առաջարկները: Գիտեք մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը: Դուք գիտեք մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից:
Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, նոր և նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն: Չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը:
Ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար:
- Վերջին շրջանում Թուրքիայի արտգործնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ կրկին բարձրաձայնում են ղարաբաղյան բանակցությունները միջնորդելու մասին և նույնիսկ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ: Թերևս ծանոթ եք այդ հայտարարությանը: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:
- Ինչ վերաբերում է Ձեր հարցին թուրքական կողմի առաջարկների, նոր միջնորդության փորձերի, Ստամբուլում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու: Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք քաղաքներում, սպասված արդյունքի չեն հանգեցրել, որովհետև Ստամբուլո՞ւմ չէին կայանում:
Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են: Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարևան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է և ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել