Բագրատ Սրբազանը հույս ունի, որ գլխավոր դատախազն ու ՔԿ ղեկավարը կգան դատարան՝ որպես վկա
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվեց «Սրբազան պայքարի» գործի քննությունը։ Այս փուլում պաշտպանական կողմը բացման խոսք է ասում։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարեց, որ ապացույցների հետազոտման ընթացքում կենտրոնանալու է դրանց բովանդակության վրա՝ պարզելու, թե յուրաքանչյուր ապացույց կոնկրետ ում է վերաբերում և ինչ է ապացուցում։ Նրա խոսքով՝ հենց այս հարցերի պատասխաններն են ցույց տալու, որ գործով ահաբեկչության կամ իշխանությունը զավթելու նախապատրաստություն չկա։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ վստահեցրեց՝ չի լինելու մեկ մարդ, որ կասկածի, թե մեղադրյալները վատ մտադրություն են ունեցել։ Միաժամանակ նա չբացառեց, որ կարող են լինել մարդիկ, ովքեր, նույնիսկ հասկանալով դա, կշարունակեն նրանց նկատմամբ ճնշումներ գործադրել։
«Ի՞նչ են մտածում այն մարդիկ, ովքեր վերցնում են այդ գործը, տեսնում, որ էս մարդն ակնհայտ անմեղ է, բայց ասում են՝ ոչինչ, մենք համակարգի մաս ենք, կարելի է մի քիչ էս մարդուն ճնշել»,- ասաց նա։
Պաշտպանների ելույթներից հետո հայտարարություն արեց Բագրատ Սրբազանը։ Նա անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում հնչած հայտարարություններին՝ նշելով, որ Քննչական կոմիտեի ղեկավարը, որը նախկինում պնդում էր, թե իր ձեռքով գրված ահաբեկչության ծրագիր կա, այժմ ասում է, թե խմբի անդամներից մեկի ձեռքով է գրված։
«Դա էլ չի կարող փաստել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինձ չի վերաբերում իր ասածը, աբսուրդի ժանրից է, դարակազմիկ հայտարարություն է։ Դուք բան հասկանո՞ւմ եք սրանից, պատվարժան դատարան, մեղադրողներ, եթե հասկանում եք, մեզ էլ բացատրեք»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը հույս հայտնեց, որ թե՛ գլխավոր դատախազը, թե՛ ՔԿ ղեկավարը կգան դատարան՝ որպես վկա. «Այլապես մոտ ապագայում կգան որպես մեղադրյալներ»։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ դատարանը չի կարող մեկնաբանել դատական նիստերից դուրս հնչող հայտարարությունները։ Նրա խոսքով՝ նման կարծիքները չեն կարող ազդել դատավարության ընթացքի վրա։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 21-ին՝ ժամը 15.00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել