HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է

Օգոստոսի 30-ին «Հետքում» հրապարակված` «Պոչատ աղվեսի հեքիաթը արդարադատության համակարգում դեռ արդիական է, կամ Մխեյանն արձակուրդ է գնացել» վերնագրով հոդվածում տեղ գտած անճշտությունների արդյունքում թյուր կարծիք է ստեղծվել, թե իբր նոտարները գործում են ՀՀ արդարադատության նախարարության թելադրանքով: Մաս­նավորապես հոդվածում նշված է, որ նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանց­ման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանը կարծիք է հայտնել, թե իբր «ժառանգությունը ենթակա չէ ձևակերպման»: 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Դանիել Մխեյանը  նման կարծիք չի հայտնել և չէր կարող հայտնել, քանի որ նոտար­ները նոտարական գործողություններ կատարելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին, իսկ նախարարությունը միայն և միայն վերահսկում է, թե որքանով է նոտարն օրենքի տառին համապատասխան իրականացնում  իր գործարքները:  Նշված հանգամանքը բազմիցս շեշտվել և մանրամասն պարզաբանվել է ՀՀ արդարադա­տության նախարարությանը դիմած այն քաղաքացիներին, ովքեր պահանջել են հանձնարարել կամ ցուցում տալ նոտարին այս կամ այն գործողությունը կատարելիս: 

Իհարկե նոտարը դիմել է Դ. Մխեյանին կարծիք ստանալու խնդրանքով, ինչը ինքնին պարսավելի չէ: Վերջինիս պատասխանվել է, որ թեպետ ներկայաց­ված իրա­վիճակը խնդրահարույց է, սակայն նոտարն ինքը պետք է որոշում կայացնի նոտա­րական գործողությունը կատարելու կամ դրա կատարումը մերժելու վերաբերյալ` առաջնորդվելով օրենքի պահանջներով: Այդ մասին Դ. Մխեյանը հայտնել է նաև սփյուռքահայ գործարար Սարո Հարթունյանի կողմից լիազորված անձ՝ Նարեգ Հարթունյանին, վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Որևէ ցուցում նոտարին` նոտարական գործողությունը չկատարելու վերաբերյալ չի տրվել, առավել ևս հրահանգ  չի տրվել՝ սպասել մինչև Դ. Մխեյանը կվերադառնա արձա­կուր­դից:

Այդուհանդերձ, հիմք ընդունելով Ձեր կայքում տեղ գտած հրապարակումը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը նոտարի գործողության (անգործության) օրինականության ստուգման նպատա­կով կատարում է փաստաթղթերի ուսումնասիրություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարինե Քալանթարյան
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Օրենքի այդ դրույթը փրկօղակ է խուսափելու իրական վերահսկողություն իրականացնելու համար, որն էլ թույլ է տալիս մինչև վերջ կատարելու պարտակելու խոստումը։ Իսկ նման ծանր բեռ անվճար չեն կրում։ Ձեզ դիմում գրելու համար նոտարներից տուժած քաղաքացիներին մեղադրելու փոխարեն, պատշաճորեն իրականացրեք Ձեր լիազորությունները, համակարգի ծառայողներին՝ սկսած նախարարության աշխատակազմից, ՙՙշողուլի բերեք՚՚ և նախարարության գործելակերպը արժանացրեք իր անվանակոչմանը՝ Արդարադատություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter