
Մարդասպանը Ալիևի վերջին հույսն էր նախընտրական քարոզարշավում. Ստեփան Սաֆարյան
«Ոճրագործի ազատ արձակման առաջին իսկ րոպեներից Ադրբեջանում կարմիր թելով գնում էր այն, որ նախագահ Ալիևը կանգնած է նույնիսկ իր ամենավերջին քաղաքացու թիկունքին, որ Ալիևը կարողացավ անել այն, ինչ շատերի համար անհավանական է թվում, որ հետ բերելով Սաֆարովին՝ նա կարող է հետ բերել նաև Ղարաբաղը: Ադրբեջանի իշխանություններն այս քայլը հմտորեն օգտագործում են իրենց վարչախմբի հեղինակությունը բարձրացնելու համար»,- Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն այսպիսի քաղաքական գնահատական տվեց «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Ստեղծված իրավիճակից, ըստ Սաֆարյանի, պետք է կարողանա օգուտ քաղել նաև հայկական կողմը, և դա անի շատ կարճ ժամանակահատվածում: Հակառակ դեպքում Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան կդառնա պատմության մեջ մի բան, որը գուցեև ժամանակ առ ժամանակ կօգտագործենք մեր դիվանագիտության մեջ:
Հիմա բոլորը ջրից չոր դուրս եկան: Հունգարիան, որն իրականում ձգձգում էր Սաֆարովի արտահանձման գործընթացը՝ միայն այդ գործարքի գինը բարձրացնելու նպատակով, մեղքը գցում է Ադրբեջանի վրա, իբր վերջինս հայտարարել է, թե կարող է Սաֆարովին համանման պատիժ տալ: Իսկ ադրբեջանական կողմը ծիծաղելի թվացող, բայց իրավական լեզվով կատարյալ բացատրություն է տալիս: Միջազգային կոնվենցիայի համաձայն՝ Իլհամ Ալիևն իրավունք չուներ Սաֆարովին պայմանական ազատություն շնորհել, բայց Ալիևը պատճառաբանում է, թե ոչ մի տեղ գրված չէ, որ ինքը չէր կարող Սաֆարովին համաներել և ազատ արձակել:
Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է միջազգային մակարդակով աղմուկ բարձրացներ մինչև մարդասպանի արտահանձնումը, բայց չգիտես ինչու, հայկական կողմ լուռ էր, համենայն դեպս, հասարակությունը տեղյակ չէր դեպքերի դեպքերի զարգացման նման հավանականության մասին: Հայաստանի մամուլում և հասարակության մեջ քննարկման հիմնական թեման վերջին օրերին Կասկադի «Ծխող կինը» արձանի բարեմասնություններն էին միայն: Մինչդեռ Հունգարիայում տեղի հայ համայնքը դեռևս օգոստոսի 21-ին իր ներքին աղբյուրներից տեղեկացել էր, որ կայացվել է Սաֆարովի արտահանձման որոշումը:
Խոսելով նոր նեմեսիսի (կազմակերպված վրեժխնդրություն) մասին՝ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ հումանիզմի տեսանկյունից ինքը դեմ է նման գործողությանը, բայց հայկական արժանապատվության և անվտանգության ապահովման տեսանկյունից դա կլինի արդարացված քայլ: «Մարդ սպանելը, նեմեսիս կատարելը հեշտ բան չէ: Բոլորն են օգտագործում այդ բառը, բայց ուզում են, որ դա անի ուրիշը»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը:
Մեկնաբանել