Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն են կատարել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5 մլն 336 հազար 916 դրամ գումար: Այս մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրենը, տեղյակ լինելով, որ հիշյալ մասնագետը աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ վերջինիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ այդ կերպ օժանդակելով հիշյալ անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 5.336.916 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:
Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղյակ լինելով հիմնարկի մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու վերաբերյալ, որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս կարգավիճակը դադարեցնելու և նրան աշխատավարձ չվճարելու ուղղությամբ:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորին, «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետին և տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել