HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտուր Օսիպյանին ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջվեն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 19-ին այց են իրականացրել ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Արտուր Օսիպյանը նախորդ օրը ձերբակալվել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։

«Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը։

Քրեական վարույթ նախաձեռնելու և վերջինիս ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու պետական մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմիններն իրենց գործունեությունն ու հանրային հաղորդակցությունը պետք է իրականացնեն առավել զգայուն եղանակով` նպատակ ունենալով բացառել որևէ հանրային ընկալում, որ իրավական գործիքները կարող են կիրառվել այս կամ այն քաղաքական ուժի կամ դերակատարի դեմ/օգտին կամ որ այդ գործիքները նախընտրական գործընթացներում կարող են կիրառվել որպես տարբեր դերակատարների ճնշման միջոց: Ավելին, իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:

Նկատի ունենալով այն, որ խոսքը անձին ազատությունից զրկելու և քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին է նախընտրական քարոզարշավի ընթացքում` Մարդու իրավունքների պաշտպանը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԻՊ մանդատի շրջանակում շարունակում է իրականացնել ընտրական գործընթացներում մարդու իրավունքների հարցերին առնչվող մշտադիտարկում, իրականացվում են ՄԻՊ մանդատին վերաբերելի գործառույթները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter