ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցանկացած ռազմական գործողություն համաձայնեցնել Կոնգրեսի հետ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախնական քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 50 սենատոր (հիմնականում՝ դեմոկրատներ և 4 հանրապետական), դեմ՝ 47-ը (հիմնականում՝ հանրապետականներ և 1 դեմոկրատ): Հանրապետական կուսակցությունից երեք սենատոր չի մասնակցել քվեարկությանը:
Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ամերիկյան զորքերը պատերազմ ուղարկելու իրավունքը պատկանում է Կոնգրեսին, այլ ոչ նախագահին: Եթե փաստաթուղթն ընդունվի հիմնական քվեարկությամբ, Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար Թրամփից կպահանջվի Կոնգրեսի թույլտվությունը:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, բացի Սենատում հիմնական քվեարկությունից, բանաձևը պետք է ընդունվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Ընդ որում, թե Ներկայացուցիչների պալատում և թե Սենատում բանաձևը պետք է ստանա ձայների երկու երրորդը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել Թրամփի կողմից բանաձևի նկատմամբ հնարավոր վետոն։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն արգելափակել էին Սենատում համանման բանաձևն ընդունելու նախորդ յոթ փորձերը։ Այս տարի նրանք տապալել էին նաև Ներկայացուցիչների պալատում ռազմական լիազորությունների սահմանափակման մասին երեք բանաձևերը։
Առաջին անգամ Սենատը նման օրինագիծ դիտրակել էր 2025 թվականին, երբ հունիսին ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Երկրորդ քվեարկությունը տեղի ունեցավ այս տարվա մարտի 5-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։
1973 թվականին ընդունված «Ռազմական լիազորությունների մասին» ամերիկյան օրենքի համաձայն՝ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել 60 օրվա ընթացքում, ինչից հետո նա կամ պետք է ավարտի դրանք, կամ ստանա Կոնգրեսի թույլտվությունը կամ էլ դիմի ժամկետի 30-օրյա հետաձգման մասով: 60 օրվա ժամկետը լրացել է մայիսի 1-ին։ Նույն օրը Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը «վերջ է դրել» ռազմական գործողություններին:
Լուսանկարը՝ expedia.co.uk-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել