Փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղերը դպրոց չեն կարո՞ղ ունենալ
Կոտայքի մարզի բարձրլեռնային Հատիս և Սևաբերդ գյուղերի դպրոցները 2025-26 ուսումնական տարվա ավարտին կլուծարվեն փոքրաթիվ աշակերտներ ունենալու պատճառով։ Ակունք համայնքի կազմում ընդգրկված այս գյուղերի դպրոցները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի 2023թ․ հրամանով ընդգրկվել են կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում։ 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցները լուծարվելու են և միավորվեն այլ դպրոցների հետ։ Կոտայքի մարզում լուծարվելու է 9 դպրոց։
2017թ․-ին օպտիմալացման արդյունքում Հատիս գյուղի դպրոցի հետ միավորվել էր հարևան Զովաշեն գյուղի դպրոցը՝ 17 աշակերտներով։ Հատիսի միջնակարգ դպրոցն այժմ 51 աշակերտ ունի։ Այս ուսումնական տարում, ըստ ԿԳՄՍ նախարարության, դպրոցը միավորվելու է հարևան Կապուտան գյուղի դպրոցի հետ: Հատիսի վարչական ղեկավար Սամվել Գարսևանյանը հայտնեց, որ առայժմ դպրոցը չի լուծարվի։ Կապուտան գյուղում դպրոց պետք է կառուցեին, բայց ազատ հողատարածք չլինելու պատճառով չի կառուցվել։
Սևաբերդ գյուղի դպրոցում այժմ 14 աշակերտ է սովորում։ Դպրոցը լուծարելուց հետո նրանք, հավանաբար, կհաճախեն 6 կմ հեռավորության վրա գտնվող Զառի դպրոց։
«Ազգային կրթության խորհրդի» անդամ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով Հատիսի վարչական շրջանի ղեկավարի պատասխանին, հայտնեց, որ նրանց տեղեկությունը հավաստի չէ։ Իրենք ուսումնասիրել են մարզպետարանների` դպրոցներին հատկացված բյուջեն և պարզել, որ այդ դպրոցներին ֆինանսավորումը հատկացվել է մեկ կիսամյակի համար։
Դպրոցների միավորման ծրագիրը կառավարության՝ համայնքների խոշորացման ծրագրի մաս է։ Աշակերտների փոքր թվի պատճառով այս դպրոցների որոշ դասարաններ գործում են համատեղված՝ բազմահամակազմ դասարաններով, ինչն, ըստ ԿԳՄՍ նախարարության, նվազեցնում է կրթության որակը: Խոշորացված կրթահամալիրների մոդելը ներդնելու հետևանքով Հայաստանի 229 գյուղերում լուծարվելու են փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները:
Կառավարության նպատակն է՝ ստեղծել մեկ կենտրոնական, խոշոր և ժամանակակից սարքավորումներով (լաբորատորիաներ, մարզադահլիճներ) հագեցած դպրոց, որտեղ կհաճախեն հարակից մի քանի բնակավայրերի երեխաները: Պետությունը պարտավորվում է անվճար և անվտանգ ապահովել երեխաների՝ գյուղից հարևան բնակավայրի կենտրոնական դպրոց տրանսպորտային փոխադրումը։
Ակունք համայնքի կազմում ընդգրկված երեք բարձրլեռնային գյուղերը՝ Հատիս, Զովաշեն և Սևաբերդ, Աբովյանի տարածաշրջանի ամենաաղքատ, ենթակառուցվածքներից զուրկ գյուղերն են։ Այստեղ միակ կրթական հաստատությունը միջնակարգ դպրոցներն են։ Վերջին 70 տարվա կտրվածքով այս գյուղերի բնակչության թիվը ներքին և արտաքին ներգաղթի պատճառով զգալի նվազել է։ Հեռանում են հատկապես երիտասարդները։ Գյուղերում ժողովրդագրական պատկերը վատթարացել է նաև վերարտադրողական տարիքի երիտասարդների չամուսնանալու պատճառով։ 2023թ․ տվյալներով՝ Հատիս գյուղում բնակվում է 394 մարդ, Զովաշենում՝ 175 մարդ, Սևաբերդում՝ 265 մարդ։
Հատիս, Զովաշեն և Սևաբերդ գյուղերում բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է։ Ակունք համայնքի հնգամյա ծրագրում նշվում է, որ գործազրկությունն ու արտագաղթը վտանգում են համայնքի կենսագործունեությունը: Միաժամանակ, նշված գյուղերը գյուղատնտեսության (հողագործություն, անասնապահություն, այգեգործություն, թռչնաբուծություն, մեղվապահություն) զարգացման մեծ պոտենցիալ ունեն, եթե կարողանան հողը նպատակային և արդյունավետ օգտագործել։
Կարծում են, որ այն լուրջ նախադրյալներ և նպաստավոր պայմաններ կստեղծի ժողովրդագրական աճի, սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնելով նոր աշխատատեղեր, ավելացնելով ընտանիքների եկամուտը և բարձրացնելով բնակչության ընդհանուր կենսամակարդակը, հաղթահարելով աղքատությունը և կանխելով արտագաղթը։
Համայնքում այդ ամենի իրականացումը պայմանավորում են Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրմամբ, որը պետք է տնտեսական աշխուժություն մտցնի համայնքում։
Ակունքի համայնքապետարանը պաշտոնական կայքում հրապարակել է նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Ակունքի զարգացման տեսլականը։ Ըստ միջազգային կառույցների՝ «վաղվա Ակունքում» զարգացած է՝
- Ավանդական և օրգանական գյուղատնտեսությունը, կառուցվել են ժամանակակից տոհմային ֆերմաներ, սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամաս։ Հիմնվել են ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ (ծաղիկ, բանջարաբուծություն), հիդրոպոնիկ եղանակով կանաչ մասսայի արտադրություն, կատարվում է նոր մշակաբույսերի սելեկցիա, զարգացած է տոհմային թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնաբուծությունը։ Գործում են սերմնաբուծական կայաններ և ՄՏԿ-ներ։ Գյուղամերձ արոտավայրերը ջրարբիացված են։
- Զարգացած է ագրոտուրիզմը, էկոտուրիզմը, ստեղծվել են լեռնադահուկային բազա, ճոպանուղիներ, հյուրատներ։
- Տեղի է ունենում օրգանական պարարտանյութերի, հակակարկտային ցանցի արտադրություն, աղբի վերամշակում։
- Մշակութային կենտրոնները բարեկարգ և տեխնիկապես հագեցած են (երաժշտական դպրոցներ, գրադարաններ)։
- Երեխաները սովորում են ժամանակակից շենքային պայմաններով դպրոցներում։ Առկա է նաև ՏՏ դպրոց և այլն։
Միջազգային կառույցների՝ համայնքում «զարգացած ագրոտուրիզմ, էկոտուրիզմ, լեռնադահուկային բազա, ճոպանուղիներ, հյուրատներ» և այլն տեսնելը հիշեցնում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացրած նախագիծը։ Հասարակությունն ընդդիմացավ 2022թ. փետրվարին հիմնադրամի ներկայացրած՝ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը տեղադրելու մտադրությանը։ Սակայն, վարչապետը հավանություն տվեց նախագծին՝ ասելով, որ այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
«Մենք ունենք կարող ու տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն հենց այստեղ»,– բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Վերջին երեք տարիներին, նախագծի մեկնարկից հետո, Հատիս լեռը շրջապատող գյուղերում մեծ թվով հողեր են վաճառվում։ Հողերի վաճառքի մասին հայտարարություններն արվում են՝ «Քո ապագա նախագիծը՝ Հատիսի տեսարանով» կարգախոսի ներքո:
Գուցե իսկապես սա այն ճանապարհն է, որն այդ գյուղերին կրկին դպրոց ունենալու հնարավորություն կտա։
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել